1994-ի օգոստոսի 18-ին կյանքից հեռացավ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը

Խոսք 18.08.2019   13:25   170

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

1994 թվականի օգոստոսի 18-ին կյանքից հեռացավ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը: ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրի համաձայն՝ օգոստոսի 26-ից մինչև հուղարկավորության օրը` օգոստոսի 28-ը, հայտարարվել է համազգային սուգ:

Բազմամյա ազգանվեր գործունեության համար 1994 թ. հուլիսի 28-ին ՀՀ նախագահը Վազգեն Ա-ին շնորհել էր ՀՀ պետական ամենաբարձր պարգևը: Վազգեն Վեհափառն առաջինը ստացավ ՀՀ ազգային հերոսի բարձրագույն կոչումը և «Հայրենիքի շքանշանը»:


Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը Ամենայն հայոց կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Վազգեն Ա-ի հուղարկավորության արարողության ժամանակ՝ Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնում

«Սիրելի հայրենակիցներ,
Մեծարգո հյուրեր,

Այսօր սգացող հայ ժողովուրդը հայրենյաց սուրբ հողին է հանձնում եւ դեպի երկնային արքայություն ճանապարհում իր ամենամեծ երախտավորներից մեկին՝ Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսին: Վեհափառ հայրապետի շուրջ քառասնամյա գահակալությունը, որ համընկավ ստալինյան բռնապետության թոթափման, մտքի ազատագրման ու մարդկային արժեքների վերականգնման տառապագին տարիներին, եղավ համակ նվիրումի, եկեղեցական բարեշինության եւ ազգային զարթոնքի լիապարփակ ժամանակաշրջան:

Եւ թեեւ այդ ժամանակաշրջանում մակընթացություններին հաջորդեցին նաեւ տեղատվություններ, ձեռնարկվեցին մտքի ու խղճի ազատության նորանոր սահմանափակումներ, բորբոքվեցին անհարկի ներեկեղեցական տարաձայնություններ, բայց Վեհափառ հայրապետը, միշտ գտնվելով Ամենայն հայոցի բարձրության վրա, իր իմաստուն եւ հավասարակշռված գործունեությամբ, անվրեպ ձեռնարկներով ու ծանրակշիռ խոսքով կարողացավ Եկեղեցին ու իր հոտը հեռու պահել աղետալի փորձություններից եւ անվերականգնելի կորուստներից:

Դրա համար պահանջվում էր, իհարկե, երկաթյա կամք, ծով համբերություն, խոր իմաստություն ու հեռատեսություն՝ հատկանիշներ, որ նախախնամությունը, բարեբախտաբար, Վեհափառին չէր զլացել:

Հասուն կյանքի ավելի քան յոթանասուն երկարուձիգ տարիների ընթացքում զգայասիրտ հայրապետը լիովին կիսեց իր ժողովրդին բաժին ընկած բոլոր տառապանքները եւ հայրենասիրական պարտքի ու հովվապետական պատասխանատվության բարձր գիտակցությամբ ջանաց ամոքել նրա ցավերը, թեթեւացնել նրա բազմազան հոգսերը:

Վազգեն Վեհափառը, սակայն, բախտն ունեցավ նաեւ վայելելու իր ժողովրդի տարած հաղթանակները, հրճվելու նրա հաջողություններով, վերապրելու զանգվածային ներգաղթի ոգեւորությունը, մասնակցելու ետպատերազմյան Հայաստանի շենացմանը, ականատեսն ու նեցուկը լինելու արցախահայության հերոսամարտի եւ ողջունելու Հայոց պետականության վերականգնումը:

Երիտասարդական ավյունով նա լծվեց նորանկախ հանրապետության ամրապնդման սրբազան գործին՝ այն վեր դասելով մնացյալ բոլոր ժամանակավոր ու անցողիկ խնդիրներից, անչափ ոգեւորվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման գաղափարով եւ իր անձնական օրինակով ու անմիջական մասնակցությամբ քաջալերեց նրա հաջող ընթացքը:

Չնայած երկրի ներկա տխուր իրավիճակին, առկա հսկայական դժվարություններին, սոցիալ տնտեսական ծանր խնդիրներին՝ Վեհափառ հայրապետը, օժտված լինելով հիմնականն ու երկրորդականը, անցողիկն ու մնայունը զանազանելու բացառիկ շնորհով, մինչեւ վերջին շունչը մնաց լավատես՝ հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության ապագայի նկատմամբ:

Հայ Առաքելական Եկեղեցու 1700 ամյա պատմության մատյանում Վազգեն Վեհափառը երջանկությունն ունեցավ դասվելու հազվագյուտ կաթողիկոսների շարքը, ովքեր իրենց ազգին ծառայեցին Հայոց անկախ պետականության գոյության պայմաններում՝ դրանով հնարավորություն ձեռք բերելով բազմապատկելու հովվապետական գործունեության արդյունքները: Վեհափառն այսպիսով իր անձնական օրինակով եւս մեկ անգամ հաստատեց ազգի բնականոն գոյության երկու անհրաժեշտ պայմանների՝ պետության եւ եկեղեցու ճակատագրի միասնության անառարկելի ճշմարտությունը:

Նա թողեց, սակայն, նաեւ անկատար մի երազ, որի իրականացման համար թեեւ չխնայեց որեւէ ջանք, մանավանդ գահակալության վերջին տարիներին: Այդ երազը Հայ Առաքելական Եկեղեցու միասնության եւ ավանդական նվիրապետության վերականգնումն էր, որը որպես սուրբ պատգամ հանձնվեց մեր սերնդի խղճին:

Վեհափառ հայրապետը աշխարհից հեռացավ խլյակ դարձած մարմնով, բայց նրա փառավորված հոգին գնաց ճախրելու երկնային արքայության մեջ՝ Լուսավորչի, Սահակի, Մեսրոպի, Ներսես Շնորհալու, Խրիմյան Հայրիկի անմահ հոգիներին թեւանցուկ:

Վազգեն կաթողիկոսի լուսավոր կերպարը հավերժ կմնա յուրաքանչյուր հայի բաբախող սրտում՝ որպես եկեղեցաշինության, անձնվիրության, հայրենասիրության եւ հաստատունության անանց խորհրդանիշ, իսկ նրա աղոթքները որպես պահապան հրեշտակներ մշտապես կհսկեն մեր փշոտ ուղին»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վազգեն Առաջին կաթողիկոս, Լևոն Տեր Պետրոսյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon