Դաշնակցությունը և ներքաղաքական իրադարձությունները

Քաղաքական 17.06.2019   18:31   173

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Fip.am-ը գրում է. Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն մարմնի ղեկավար Իշխան Սաղաթելյանը հունիսի 7-ին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել էր, որ ՀՅԴ-ն մշտապես արձագանքել է երկրում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին և պետական մակարդակով իրականացված բռնություններին։

Նա, մասնավորապես, ասել էր.

«Երկրում տեղի ունեցող բոլոր երևույթների հետ կապված, վերցրեք նայեք, անցած տարիների ընթացքում Դաշնակցությունը՝ հենց նույն մարտի հետ կապված, մարտի 1-ի ուսումնասիրության հանձնաժողովի մեջ, որտեղ եղել է Դաշնակցությունը, վերցրեք նայեք, որ հատուկ կարծիք է գրել։ Մարտի 1-ին նախորդող դեպքերի ժամանակ զգոնության կոչերը, ակցիաները անում էինք, զգուշացնում էինք, որ սա լավ տեղ չի տանում»։

Հիշեցնենք, որ վերջերս Ազատության հրապարակում հարձակման էր ենթարկվել ՀՅԴ-ական գործիչ Հրանտ Մարգարյանը։ Ոստիկանությունում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել էր՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։Այնուհետև ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանն ահազանգել էր բռնության ենթարկվելու մասին։ 

ՀՅԴ ներկայացուցիչները, ի պատասխան, ակցիա էին իրականացրել՝ մի քանի հոգով ներկայանալով ոստիկանություն և իրենց վրա վերցնելով Հարությունյանի ծեծի պատասխանատվությունը։

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծառայության քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանը Ֆեյսբուքում արված գրառմամբ հայտարարել էր, որ Հարությունյանին ինքն է ծեծել։

«Քանի որ պետությունը չի դատապարտում, իշխանությունները կեցվածք շարունակաբար չեն ցուցաբերում բռնության կոչեր հնչեցնողներին, նաև նման երևույթներ են լինում, և ՀՀ-ում կան բազմաթիվ պոտենցիալ քաղաքացիներ, որ եթե օրենքը չի պատժում նման քաղաքացիներին ու դեպքերին, կան մարդիկ, որ հանձն կառնեն և կպատժեն»,- Ազատության հարցազրույցում ասել էր Սաղաթելյանը՝ զգոնության կոչ անելով իշխանություններին։

Fip.am-ը որոշեց պարզել, թե ի՞նչ կեցվածք է դրսևորել դաշնակցությունը Հայաստանում վերջին 20 տարում պետական մակարդակով իրականացված բռնությունների և տեղի ունեցած աղմկահարույց դեպքերի նկատմամբ։

Պողոս Պողոսյանի սպանության արձագանքները, 2001

2001-ի սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից «Առագաստ» սրճարանում դաժանաբար սպանվեց ՀՅԴ անդամ Պողոս Պողոսյանը։ Այդ սպանությունը հայ հանրությանը հայտնի է «պրիվետ Ռոբ» արտահայտությամբ։ Դատաքննության ընթացքում Պողոսյանի ընկերը, որը դեպքի ականատեսներից էր, հայտնել էր, որ երբ Ռոբերտ Քոչարյանը մոտեցել էր իրենց սեղանին, «Պողոսը այդ պահին բղավել էր՝ բարև, Ռոբիկ»: Այս խոսքից հետո, ըստ վկաների, Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները դաժանաբար ծեծել էին են Պողոսյանին։ Մինչդեռ դատավճռով արձանագրվել էր, որ Պողոս Պողոսյանը պատահաբար մահացել է  Քոչարյանի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկի հետ ծագած «փոխադարձ քաշքշուկի» հետևանքով:

Դաշնակցությունը հետաքննության ավարտից հետո մեղադրանքներն ուղղել էր դատախազության հասցեին՝ պնդելով, որ այն «չի կարողացել բացահայտել բոլոր հանցագործներին», սակայն, ինչպես արձանագրել էր «Ազատությունը», «ազդեցիկ ազգայնական կուսակցությունը ձեռնպահ էր մնացել նախագահ Քոչարյանին մեղադրելուց»։

Հետագայում՝ 2003-ին, «Հայկական ժամանակի» թղթակիցը հարցազրույց էր վերցրել Պողոս Պողոսյանի եղբորից՝ Անդրանիկից, որը թեև 1991-ից ՀՅԴ անդամ էր, սակայն այդ կուսակցությունն իրեն խորթ էր համարում։ Նա Դաշնակցությունից հեռանալու իր որոշումը պատճառաբանում էր հենց Պողոս Պողոսյան գործով։

 «Եղբորս սպանությունը, դրան հետևած չակերտավոր դատավարությունը ցույց տվեցին, որ ՀՅԴ-ն հեռացել է իր ծրագրից ու գաղափարներից։ Նա իր կուսակցի հիշատակը չպաշտպանեց, իմ մնալը այնտեղ լիովին անիմաստ էր»,- ասել էր Անդրանիկը։

2003-2004 թթ. հետընտրական բախումներ

2003 թվականին երկրորդ փուլով ՀՀ նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը՝ անցնելով ընդդիմության հիմնական թեկնածու Ստեփան Դեմիրճյանից։ Ընտրությունների արդյունքներն ընդդիմությունը բողոքարկել էր՝ ԿԸՀ ուղարկելով խախտումների մասին ավելի քան 300 արձանագրություն։ Եվրոպացի դիտորդները կոշտ գնահատականներ էին հնչեցնում, իսկ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, թե երկիրը «դեռ կայացման փուլում է»։ Դեռ պաշտոնական արդյունքները հայտնի չդարձած՝ Ստեփան Դեմիրճյանը սկսեց ցույցեր, որոնք տարբեր ուժգնությամբ շարունակվեցին մինչև 2004-ի ապրիլի 9-ը, այդ ընթացքում պարբերաբար բերման էին ենթարկվում ու ձերբակալվում և՛ ցուցարարներ, և՛ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ: Ապրիլի 5-ին ընդդիմությունը` «Արդարություն» դաշինքի և «Ազգային միաբանության» ղեկավարներ Ստեփան Դեմիրճյանն ու Արտաշես Գեղամյանըհայտարարեցին, որ սկսում են «քաղաքացիական զանգվածային բողոքի ակցիաներ»։ Ապրիլի  9-ից մինչև 13-ը Երևանում հանրահավաքներ էին։ Ոստիկանության տվյալներով, դրանց մասնակցում էր 6 հազար մարդ, իսկ ընդդիմադիրները խոսում էին 60 հազար մարդու մասին։

Թեժ բախումներն արձանագրվեցին ապրիլի 13-ին՝ Բաղրամյան պողոտայում։ Ըստ մամուլի հրապարակումների, 00։30-ին անսպասելի անջատվել էր պողոտայի լուսավորությունը, իսկ 2։05-ի սահմաններում ոստիկանական փշալարերը բացվել էին, և զինվորներ ու երկու ջրցան մեքենա էին շարժվել առաջ, ցուցարարների ուղղությամբ նետվել էին բեկորային պայթուցիկներ (այդպիսի որակում է տալիս Ա1+-ը), ջրցան մեքենաները ջրի շիթ էին արձակել, իսկ ոստիկանները «աջ ու ձախ սկսել էին ծեծն ու ջարդը»։ Մամուլը գրում էր, որ այդ օրը մարդկանց վրա հարձակվել էին նաև քաղաքացիական հագուստով զինված անձինք։ Ծեծի էին ենթարկվել նաև «Հայկական ժամանակի» լրագրող Հայկ Գևորգյանը և ռուսական ОРТ-ի լրագրողը, «Ազատության» երկու լրագրողները հասցրել են փախչել ու ցուցարարների հետ պատսպարվել հարակից տներում։ «Ազգի» փոխանցմամբ, քաղաքացիներին ծեծելուն զուգահեռ՝ «ոստիկանական տարբեր խմբեր էին ուղարկվել և ջարդուխուրդ արել «Հանրապետություն», «Ազգային միաբանություն» և ՀԺԿ գրասենյակները, ինչպես նաև կալանավորել պատգամավորների և այդ պահին գրասենյակներում եղած մոտ 30 մարդու»։

Այդ ընթացքում ՀՅԴ-ն կոալիցիայի մեջ էր իշխանության հետ (այդ ժամանակ իշխանական կոալիցիան կազմված էր ՀՀԿ-ից, ՕԵԿ-ից և ՀՅԴ-ից)։

Կուսակցությունը, իր ձեռագրի համաձայն, առանց հստակ սլաքների, դատապարտել էր կատարվածը և առաջարկել գնալ երկխոսության։ ԱԺ ՀՅԴ-ական փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն ապրիլի 13-ի բռնությունը մեկնաբանել էր նման կերպ․ «Վատ եմ գնահատում եղածը և լրջորեն մտահոգ եմ։ Հիմա որևէ մեկի վրա մեղք բարդելու ժամանակը չէ։ Կոալիցիան, Դաշնակցությունն ամեն ինչ արեցին, բայց մաքսիմալիստական պահանջների, սեփական ուժերը գերագնահատելու արդյունքը սովորաբար այդպիսին է լինում»։

Հետագայում ընդդիմությունը մեղադրում էր ոչ միայն նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այլև կոալիցիոն գործընկերներին։ Մամուլի ազգային ակումբը ևս դատապարտել էրկոալիցիոն կուսակցություններին և կոչ արել, որ «հարգեն այլախոհ քաղաքացիների իրավունքները և կարծիքները»։

Հատուկ կարծիք և 2008-ի հետընտրական գործընթացներ․ ՀՅԴ-ն «կողմ ըլալով դեմ էր»

2008-ի մարտի 1-ի լույս 2-ի արյունալի իրադարձություներից մեկ տարի անց Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովը եզրակացություն ներկայացրեց խորհրդարան։ Հայ հեղափոխական Դաշնակցությունը՝ ի դեմս երկու պատգամավորների` Արծվիկ Մինասյանի և Արտաշես Շահբազյանի, ներկայացրեց հատուկ կարծիք, որտեղ վիճարկվում էին զեկույցի որոշ կետեր։ Մասնավորապես՝ զեկույցում արձանագրվել էր, որ իրադարձությունների  ժամանակ «ոստիկանության գործողություններն ընդհանուր առմամբ համաչափ և իրավաչափ» են եղել, մինչդեռ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը պնդում էր, թե նույն զեկույցում «փաստված են այն դեպքերը, երբ ոստիկանությունը կամ ոստիկանության առանձին աշխատակիցներ գործադրել են անհամաչափ ուժ և առանձին դեպքերում դուրս են եկել օրենքով նախատեսված սահմաններից»։ Նման այլ դիտարկումներ ևս կային կարծիքում։

Ուշագրավ է, որ չնայած ՀՅԴ-ն վերապահումներ ուներ, որոնք արտահայտել էր հատուկ կարծիքում, սակայն միաժամանակ կուսակցությունը ստորագրել էր այդ զեկույցի տակ՝ դրանով իսկ լեգիտիմացնելով այն։ Պետք է փաստել, որ զեկույցի տակ հրաժարվել էին ստորագրել «Նոր ժամանակներ» կուսակցությունն ու ԱԺՄ-ի ներկայացուցիչ Արտավազդ Վարդանյանը։

Նույն իրավիճակը մենք տեսնում ենք նաև 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո։

Ընտրությունների պաշտոնական արդյունքներով՝ նախագահ ընտրվեց գործող վարչապետ Սերժ Սարգսյանը՝ ստանալով շուրջ 53% ձայն, իսկ ընդդիմության առաջնորդը՝ հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ստացել էր 21,5% ձայն։

Ընտրությունների հաջորդ օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 8 անդամներից վեցը ստորագրեց նախնական արդյունքների արձանագրությունները։ Չէին ստորագրել «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունների կողմից առաջադրված անդամները, իսկ Դաշնակցությունը, թեև «լուրջ ընտրախախտումների» մասին կարծիք էր ներկայացրել, սակայն արձանագրությունը ստորագրել էր։ Այս ամենն առկա է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում։

Ընտրություններից հետո ՀՅԴ թեկնածու Վահան Հովհանիսյանը բարձրաձայնել էր ընտրախախտումների մասին, սակայն, ինչպես արձանագրված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում, «Դաշնակցությունն այնուհետև հայտարարել է, որ չի վիճարկելու ընտրությունների արդյունքները»։

«Զգուշացնում էինք, որ սա լավ տեղ չի տանում»

Իշխան Սաղաթելյանն ասում է, որ Մարտի 1-ի դեպքերից առաջ զգուշացրել են կողմերին, որ «սա լավ տեղ չի տանում»։

2008-ի ընտրություններից հետո՝ փետրվարի 25-ին, երբ Ազատության հրապարակում ընդդիմությունն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ խաղաղ ցույցեր էր անում, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն էր տարածել՝ կրկին խոսելով «համատարած, բացահայտ ու քողարկված ընտրակաշառքների» մասին, բայց հաստատելով, որ չի վիճարկելու ընտրության արդյունքները։ Այս հայտարարության մեջ Դաշնակցությունը նաև կոչ էր արել «մեղմել ներքին լարվածությունը» և գնալ «քաղաքական երկխոսության»։

2008-ի մարտիմեկյան իրադարձություններից հետո, սակայն, ՀՅԴ Բյուրոյի անդամ, պատգամավոր Վահան Հովհաննիսյանը մեղադրել էր Լևոն Տեր-Պետրոսյանին՝ նշելով, թե նա «ուղղակի վարպետորեն կարողացավ ժողովրդի դժգոհությունն օգտագործել և վերածել ատելության ու անհանդուրժողականության»:

«Էլեկտրիկ Երևանի» ակցիաները, 2015

2015-ի հունիսին, Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի որոշմամբ, էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացավ, ինչն էլ հանգեցրեց բողոքի ակցիաների։ Հունիսի 23-ի առավոտյան՝ ժամը 5։30-ի սահմաններում, ոստիկանական հատուկ ստորաբաժանումները, բռնություն գործադրելով, ցրեցին Բաղրամյան պողոտայում նստացույց իրականացնող ցուցարարներին՝ բերման ենթարկելով 200-ից ավելի քաղաքացու։

Հունիսի 23-ին հաջորդող օրը, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ, օրենսդիրները կենդանի պատ կազմեցին ցուցարարների ու ոստիկանների միջև։ Այս անձանց շրջանում կային ինչպես ՀՅԴ-ական, այնպես էլ ՀՀԿ-ական պատգամավորներ։

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի  խոսքով, հունիսի 23-ին «ոստիկանների գործողությունները իրավաչափ և համաչափ չէին»։

Պատգամավոր Աղվան Վարդանյանը ևս դատապարտում էր կատարվածը և մասնակցում «կենդանի պատ» գործողությանը։

Իսկ ի՞նչ էր անում ՀՅԴ խորհրդարանում․ հունիսի 23-ին՝ ցույցը բռնի ցրելուց ժամեր անց, խորհրդարանը վերսկսել էր իր աշխատանքները։ Նիստի հենց մեկնարկին ընդդիմադիր պատգամավորները՝ ՀԱԿ-ից, ՕԵԿ-ից, ԲՀԿ-ից ու «Ժառանգությունից», վարման կարգով ելույթ էին ունենում ու դատապարտում ոստիկանների գործողությունները։ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անգամ հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գրեթե բոլոր պատգամավորների խոսափողները անջատում էր, իսկ «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանին, որը մոտեցել էր ԱԺ ամբիոնին, ընդհանրապես թույլ չտվեցին ելույթ ունենալ, անջատեցին խոսափողը և խլացրեցին ուղիղ եթերը, որպեսզի նրա ձայնը լսելի չլինի։ Գալուստ Սահակյանը նաև առաջարկել էր ընդմիջմանն իր մոտ քննարկել խնդիրը, սակայն ընդդիմադիր բոլոր պատգամավորները չէին արձագանքել, և միայն ՀՅԴ-ն էր, որ կողմ էր ՀՀԿ-ի խաղի կանոններին։ Ավելին՝ ՀՅԴ-ական պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Աղվան Վարդանյանը վարման կարգով ելույթ էին ունենում ու այդ քննարկման կազմակերպչական հարցերը պարզում։

Պայքարող երիտասարդներին անփորձ էր համարում այդ ժամանակ պատգամավոր Լիլիթ Գալստյանը.

«Երբ երկրի նախագահը հրավիրում է հանդիպման ու չեն գնում, չեն գիտակցում, որ նախագահը այդպիսով լեգիտիմացնում էր իրենց: Չգիտակցեցին, որ դա լեգիտիմացում էր: Գնայիք, էլի, գնայիք և ասեիք՝ սա է պահանջը, կասեցնել որոշումը»,- ասում էր նա (ցույցերի ժամանակ ոստիկանության ղեկավարության միջոցով նախագահ Սերժ Սարգսյանը ցուցարարներից հինգին հրավիրել էր հանդիպմանը, ցուցարարները մերժել էին՝ պնդելով, որ իրենց պահանջները հստակ են)։ Նա նաև ասել էր, որ այդ որոշումների արդյունքում իշխանությունը շահում է։

Բերձոր, «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ծեծը, 2015

2015-ի հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանի» անդամներն ավտոերթով գնում էին Արցախ, երբ Բերձորում նրանց կանգնեցրեցին ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք ու հարձակվեցին նրանց վրա։ Ոստիկանական համազգեստով և քաղաքացիական հագուստով անձինք կոտրեցին մեքենանների ապակիներն ու ՀՀ դրոշները, ծեծեցին ակցիայի մասնակիցներին։

Դաշնակցությունը՝ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի շուրթերով, դատապարտեց կատարվածը։ «Բերձորում կատարվածը դատապարտելի է, անընդունելի է»,- ասաց նա՝ միաժամանակ քննադատելով քաղաքական ուժի քայլերը։

Բացի այդ, Աղվան Վարդանյանն անհասկանալի էր համարել «Հիմնադիր խորհրդարանի» համառությունը։ «Ի՞նչ համառությամբ այդ կազմակերպությունը արցախցիների և տարբեր ներկայացուցիչների բազմաթիվ հորդորները անտեսեցին և Արցախի սահմանների ներկայիս իրավիճակում որոշեցին այդ երթն իրականացնել»,- հռետորական հարց էր բարձրացրել Վարդանյանը։

ՊՊԾ գնդի գրավումը և բողոքի ակցիաները, 2016

2016-ի հուլիսին 17-ին՝ վաղ առավոտյան, «Սասնա ծռեր» խմբավորումը, որը մեծամասամբ կազմված էր ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարան» քաղաքական ուժի անդամներից, հայտարարեց, որ սկսում է «զինված ապստամբություն»։ Խմբավորման անդամները մտել էին ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և գրավել այն։ Հուլիսի 31-ին նրանք ազատեցին գնդի տարածքը։ Այդ ընթացքում ոստիկանության 3 աշխատակիցներ զոհվեցին, եղան տուժածներ, բողոքի ցույցերի ժամանակ հարյուրավոր քաղաքացիներ բերման ենթարկվեցին։

Իշխանության մաս կազմող ՀՅԴ-ն կոշտ գնահատականներ էր հնչեցնում գունդը գրավող քաղաքական ուժի հասցեին։ Հուլիսի 22-ի հայտարարության մեջ, մասնավորապես, Դաշնակցությունը ստեղծված իրավիճակը որակում էր «երրորդ հարված» մեր պետականությանը՝ հոկտեմբերի 27-ից և Մարտի 1-ից հետո: ՀՅԴ առանձին անդամները ևս բացասական գնահատական էին տալիս զինված խմբի անդամների գործողություններին. «Դա ոչ միայն անթույլատրելի է, այլև արկածախնդրություն է», — նշում էր ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը։

Հուլիսի 29-ին Սարի թաղում բախումներ տեղի ունեցան, որի ժամանակ տուժեցին բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ լրագրողներ։ Հաջորդ օրը բոլոր քաղաքական ուժերը, բացի ՀՀԿ-ից, հայտարարություններ տարածեցին։ ՀՅԴ-ն հայտարարեց, որ «դատապարտում է տեղի ունեցածը» և անհրաժեշտ է համարում «անհապաղ պատժել բոլոր մեղավորներին»։ Կուսակցությունը իշխանությանը և զինված խմբին կոչ էր անում գնալ խնդրի խաղաղ հանգուցալուծման։

Այս դեպքում էլ, սակայն, երբ հարցը հասնում էր կոնկրետ գործողությունների, ՀՅԴ-ն մի կողմ էր քաշվում։ Օրինակ՝ հուլիսի 29-ի բախման հետևանքով կալանավորված Արմեն Մարտիրոսյանին ազատ արձակելու համար ԱԺ մի շարք պատգամավորներ դիմել էինՀՀ քննչական կոմիտե։ Այդ նախաձեռնությանը մասնակցում էին ԱԺ բոլոր խմբակցությունները, բացի ՀՅԴ-ից ու ՀՀԿ-ից։

Թավշյա հեղափոխություն, 2018

2018-ի մարտի 31-ին ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը սկսեց «Իմ քայլը» շարժումը՝ ընդդեմ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Նա Գյումրի քաղաքից քայլարշավով հասավ Երևան, որտեղ մեկնարկեցին բողոքի ակցիաներ։ Ապրիլի 13-ից մինչև մայիսի 8-ը՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու օրը, ցույցերն ընթանում էին մայրաքաղաքում և հանրապետության մյուս համայնքներում։

ՀՅԴ-ն մինչև ապրիլի 25-ը հանդես էր գալիս քննադատական հայտարարություններով և սատարում էր Սերժ Սարգսյանին։

ՀՅԴ Գերագույն մարմինը ապրիլի 13-ին հայտարարություն տարածեց՝ հավանություն տալով Սերժ Սարգսյանի թեկնածությանը։ Ապրիլի 16-ին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն «անօրինական» որակեց Նիկոլ Փաշինյանի գործողությունները և փողոց փակելու ակցիաները, իսկ ապրիլի 17-ին ՀՅԴ-ն խորհրդարանում կողմ քվեարկեց վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը։

Սակայն Սերժ Սարգսյանի հրաժարականից օրեր անց՝ ապրիլի 25-ին, ՀՅԴ-ն դուրս եկավՀՀԿ-ի հետ կազմած կոալիցիայից։ Կուսակցությունը հայտարարեց, որ կողմ է Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, և աջակցեց նրան։ Նիկոլ Փաշինյանի կառավարության ձևավորման ժամանակ ՀՅԴ-ն կառավարությունում և մարզերում պորտֆելներ ստացավ։ ՀՅԴ-ի ու Փաշինյանի ջրերը, սակայն, նույն հունով չհոսեցին։ 2018-ի հոկտեմբերի 2-ին ՀՅԴ-ն ՀՀԿ-ի և «Ծառուկյան» խմբակցությունների հետ կողմ քվեարկեց ՀՀԿ-ի նախագծին, որը Փաշինյանը որակել էր «հակահեղափոխական»։ Նույն օրը Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում աշխատանքից ազատեց ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն ներկայացնող նախարարներին ու մարզպետներին։

Եզրափակում

Հայ հեղափոխական Դաշնակցությունը 2008-ից հետո ներքաղաքական լարված իրադարձությունների ժամանակ համահունչ է եղել գործող իշխանությանը։ Արձանագրված են դեպքեր, երբ Դաշնակցությունը մի կողմից քննադատել է իշխանությանը, սակայն մյուս կողմից գործնական քայլեր չի իրականացնել կամ էլ լեգիտիմացրել է իշխանության գործողությունները,եզրափակում է Fip.am-ը:

Գևորգ Թոսունյա

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀՅԴ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon