«Նալչաջյանն այն նույն հոգեբանն է, որը պնդում էր, թե «Հայրենիք, Ընտանիք, Հաղթանակ» բառերն առաջացնում են հոգեխանգարմունք»

Խոսք 07.05.2019   19:00   249

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հոգեբան Կարինե Նալչաջյանն անդրադարձել է աղմուկ (անտեղի՛ աղմուկ) հանած գրքին

Հիշեցման կարգով թող թույլ տրվի նշել, որ Կարինե Նալչաջյանն այն նույն հոգեբանն է, որը 2008-ին պնդում էր, թե «հայրենիք», «ընտանիք», «հաղթանակ» բառերի կրկնությունը առաջացնում է զանգվածային հոգեխանգարմունք (ըստ նրա, փաստորեն, մենք ամենքս հոգեխանգարվել էինք 2007-2008 թթ), ինչն էլ հետո բառացի կրկնում էր այն ժամանակվա գլխավոր դատախազը Մարտի 1-ի դեպքերին անդրադառնալիս: Ես դեռ այդպես էլ չիմացա՝ «բուժվե՞լ» ենք՝ ըստ Կարինե Նալչաջյանի, թե՞ մնացել ենք այդպես էլ հոգեխանգարված...

Պետք չէր լինի խոսել արտահայտված թեզիսների մասին, եթե դրանք հրապարակ նետված լինեին, ասենք, «դավին անտեղյակ, ցավին անտարբեր» ֆեյսբուքյան սովորական օգտատիրոջ, այլ ո՛չ թե մասնագետի, հոգեբանի կողմից: Բայց այս դեպքում ստացվում է, որ տիկին Նալչաջյանը (հ.գ.թ., դոցենտ) հոգեբանությունը փորձում է մանիպուլյատիվ կերպով ծառայեցնել ինչ-որ պրոպագանդայի կամ հակապրոպագանդայի կամ, ավելի հավանական է, ինչ-որ «քաղաքական» շահերի՝ ինչպես դա անում էր ոչ այնքան հեռավոր 2008-ին:

Նախ պետք է համաձայնեմ տիկին Նալչաջյանի այն դիտարկամը, որ գրքույկը կազմված է, ըստ երևույթին, հապճեպ և ունի ակնհայտ լեզվական ու ոճական խնդիրներ: Եվ համաձայն եմ, այո, որ «վերցրել ու շտամպային ձևով թարգմանել են». ես էլ ստացա այդպիսի տպավորություն:

Սակայն հաջորդիվ տիկին Նալչաջյանն ասում է, որ այն խորթ է մեր մտածողությանը, մշակույթին, և որ «Մարդիկ, ովքեր մեզ վրա աշխատում են, ուզում են մեզ դաստիարակել, հանկարծ չմտածեն, որ գործ ունեն ինչ-որ միաբջիջների հետ»:

- Նախ, ի՞նչ կռվան է «մեր մտածողությանը խորթ լինելը»: 

Այո՛, այդ գրքույկը խորթ է մեր մտածողությանն ու մեզնում տարածված մշակույթին, եթե այսպիսի աղմուկ բարձրացրեց: Եթե այն հարազատ լիներ մեր մտածողության ու մշակույթին, ապա ոչ մի խնդիր չէր առաջանա, այնպես չէ՞: 
Եվ, ի դեպ, ժամանակին մեր մտածողությանը խորթ են եղել նաև աշխարհիկ կարգերը: Մեր մշակույթին խորթ է եղել ժամանակին, ասենք, հարդ ռոքը, խորթ է եղել հարսնացուի՝ ծաղկեփունջ նետելու արարողակարգային ավանդույթը, խորթ է եղել (և դեռ շարունակում է մասամբ խորթ մնալ!) հոգեբանին, հոգեթերապևտին, սեքսոպաթոլոգին դիմելը... Միջնադարում բոլորի մտածողությանը խորթ էր այն միտքն անգամ, որ երկիրը կլոր է և պտտվում է...
Հետո՞ ինչ: Եթե մի բանը եղել է խորթ մեր մտածողությանը, մեր մշակույթին, ուրեմն՝ դա արդեն ինքնին վա՞տ ներգործություն է ունենալու մեզ վրա: Իհարկե, այդպես չէ: Մեզ խորթ ամեն բան չէ, որ «փիս բան» է: Դրանում, կարծում եմ, ինձ հետ կահամաձայներ Կարինե Նալչաջյանը:

«Մարդիկ, որոնք մեզ վրա աշխատում են, ուզում են մեզ դաստիարակել, հանկարծ չմտածեն, որ գործ ունեն ինչ-որ միաբջիջների հետ», - ասում է հոգեբանը:

- Նա այս միտքը հատուկ կառուցում է այնպես, որ «մեզ դաստիարակել»-ը նեգատիվ ընկալվի: Դե, մենք լավ դաստիարակված ենք, ո՞վ է համարձակվում մեզ դաստիարակել (սա՝ մեկ) և՝ հո մենք միաբջիջ չենք, որ եկել ու փորձում եք մեզ դաստիարակել... Թե չէ կարող էր ասել, օրինակ, «փորձում են սովորեցնել, թե ինչպես աշխատել երեխաների հետ»: 
Բայց նա ընտրում է դաստիարակել բառը, հետո էլ՝ միաբջիջ բառի հետ համադրում է: Եվ ինձ պարզ է, թե ինչու: Սա արդեն սովորական մանիպուլյացիա է պրոֆեսիոնալ հոգեբանի կողմից... Փորձել երևույթին հաղորդել արժեքային կշիռ լսարանի մոտ՝ տողատակից դիպչելով նրա «զգայարաններին»: 
Մյուս կողմից, ո՞վ ասաց, որ դաստիարակելը և դաստիարակվելը բացասական բաներ են? Դաստիարակել բառի բառարանային առաջին իմաստն է՝ ԿՐԹԵԼ, ՈՐՈՇԱԿԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՎԱՐՔՈՒԲԱՐՔԻ ԿԱՆՈՆՆԵՐ, ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ, և այլն: (Աղայանի «Հայերենի բացատրական բառարան»): 
Ի՞նչ վատ բան կա կրթվելու, որոշակի հմտություններ, կանոններ, գիտելիքներ ձեռք բերելու մեջ: Եվ արդյո՞ք մենք՝ որպես հասարակություն (ոչ թե առանձին անդամներ), բնավ կարիք չունենք սեռական դաստիարակության հարցերում կրթվելու, լրացուցիչ գիտելիքներ ստանալու, ինչ-որ բան սովորելու? Իրո՞ք չունենք: Թե, եթե ունենք, ուրեմն՝ միաբջիջ ենք? Ինչ-որ հարցերում լրացուցիչ բան սովորելու կարիք ունեն միայն միաբջիջները?

Հաջորդիվ տիկին Նալչաջյանն ասում է. «Մենք կրթված մարդկանց հասարակություն ենք. մենք մասնագետներ ունենք»: 
Այստեղ համաձայն եմ: Իհա՛րկե, ունենք: Սկսած մանկարվարժներից, վերջացարած հոգեբաններով ու սեքսոլոգներով՝ ամեն ինչի մասնագետներ էլ ունենք: 
Բայց արդյո՞ք այս ոլորտի մեր մասնագետներն էական, շոշափելի շատ բան են արել՝ հենց այդպիսի տարրական սեռակրթության հարցերում: Ինտերվյուներ տալն ու մասնագիտական-գիտական հոդվածներ գրելը նկատի չունեմ. դրանք լայն հանրությունում դաստիարակման, կրթման համար համարյա ԶՐՈ արժեք ունեն: Դե, թող հենց մե՛ր մասնագետները պատրաստեն, տպագրեն ու տարածեն այդ չարաբաստիկ գրքույկից տասնապատիկ ավելի լավ որակի, ավելի մատչելի, ավելի համընդգրկուն մի գրքույկ: Ո՞վ է նրանց ձեռքը բռնել: Այստեղ տպավորություն եմ ստանում, որ հարգելի հոգեբանը սրտնեղել է այն բանից, որ ինչ-որ մի ՀԿ արել է մի բան, որն ի՛նքը չի արել, մինչդեռ կարո՛ղ էր:

Ի վերջո, հո այդ բրոշյուրը պարտադիր կրթական ծրագրում չի՞, կամ հո ստիպողաբար չե՞ն մտցնելու մարդկանց բնակարաններ ու տան ծնողների ձեռքը, թե՝ արագացրեք, կարդացեք սա ձեր երեխաների համար, ու հենց միայն սա՛: Ծնողն ազատ է՝ ինքը ընտրելու, թե իր երեխայի սեռական (և ոչ միայն) դաստիարակությամբ ինչպես զբաղվի, ինչ կարդա կամ չկարդա: Բա էլ ինչի՞ համար է այս մեծ աղմուկը:

«Արհեստականորեն խեղաթյուրում են երեխայի հոգեսեռական բնականոն ընթացքը։ Գիտեք՝ ինչ կլինի. մենք ստանում ենք զոհեր, որոնք պատրաստ են դառնալ։ Մենք ֆիքսում ենք իրենց մարմնի վրա», - ասում է տիկին Նալչաջյանը: 

Ուշադրություն դարձնենք, որ լուրջ քննության և լուրջ մասնագիտական գնահատման արժանի մի հարցի մասին Նալչաջյանը խոսում է կատեգորիկ՝ իր կարծիքը ներկայացնելով՝ որպես մաթեմատիկական ճշմարտություն: (Այդ գրքույկի ազդեցությունը երեխայի վրա. հո չե՞ք ժխտի, որ եթե դրա ազդեցությունը պետք է հետազոտվի ու գնահատվի, ապա դա հաստատ միայն Նալչաջյանը չպետք է անի, այլ ինչ-որ բազմապրոֆիլ մասնագիտական կոլեգիա, դրա համար կպահանջվեր ժամանակ, կարվեր կոնկրետ աշխատանք, կտրվեր համապատասխան պրոֆեսիոնալ եզրակացություն և այլն: Իսկ այսպես ստացվում է, որ Նալչաջյանն ուղղակի վերցնում ու ոտքի վրա հայտարարում է՝ դա խեղաթյուրում է, ընկերներ...): 
Իսկ այդ «ֆիքսացիա», «հոգեսեռական զարգացման ընթացք» և այլ մասնագիտական բաների այստեղ չանդրադառնամ, որովհետև ահագին ծավալուն և միաժամանակ ձանձրալի է ոչ մասնագետի համար: Էլ չասած, որ կստացվի «կռիվ հողմաղացների դեմ»: Ուղղակի ասեմ, որ տպավորություն եմ ստանում, որ տիկին Նալչաջյանը դիտմամբ ասում է ինչ-որ մասնագիտական տերմիններ՝ «վախացնելու» համար, լավ իմանալով, որ դրա նրբություններին տիրապետում է լսարանի շատ փոքր մասը: Նրա խոսքն այստեղ ուղղված է հենց մյուս՝ մեծ մասին, հենց այդ տերմինաբանական հորձանուտներում չկողմնորոշվողներին է երևի ուզում «վախացնել» տիկին Նալչաջյանը:

Դրանից հետո արդեն չգիտես էլ՝ տիկնոջը վերաբերվես՝ որպես գիտությա՞ն մարդու, թե՞ որպես սոսկ պրոպագանդիստի: Գիտության մարդը, այս դեպքում՝ հոգեբանը, պետք է իր արտահայտած այն մտքերի համար, որոնք կարող են առաջացնել լուրջ հանրային ռեզոնանս, կարողանա սպառիչ, գիտական ապացույցներ ներկայացնել... Չնայած՝ երևի պետք չէր ապացույցներ ակնկալել «հոգեխանգարմունքի» հեղինակից: Հավանաբար, այդպե՛ս էր պետք, այդպես է ասել: Ինչպես նույն հոգեխանգարմունքի թեմայով...

«Մենք ստանում ենք զոհեր, որոնք պատրաստ են դառնալ».... Ընդհանրապես, ընդունված է, որ որքան շատ է մարդը ինֆորմացված, որքան բարձր է «ՈՉ» ասելու պատրաստակամությունը, որքան հստակ է մարդը պատկերացնում հնարավոր ելքերը, որքան ավելի է մարդը պատրաստված ռիսկային հանգամանքներին՝ այդքան նվազում է զոհ դառնալու հավանականությունը: 
Այս գրքույկը, այլ փոքրիկ բաների շարքում, տալիս է ինֆորմացիա: Նաև սովորեցնում է ասել «ոչ» (օրինակ՝ երբ երեխան չի ուզում նստել մեկի ծնկներին կամ չի ուզում, որ իրեն պաչպչեն - թվում է մանրուք, սակայն շատ էական բաներ հենց այսպիսի մանրուքներից են սկսվում): Նաև որոշակիորեն պատրաստում է ռիսկային հանգամանքներին... Բա ուրեմն էլ ինչպե՞ս է դարձնում զոհ:

Վերջում էլ Կարինե Նալչաջյանն ասում է. «Գիրքն իր մեջ մանկապղծություն է պարունակում արդեն. ձևավորում է կա՛մ պղծվողների, կա՛մ ՝ պղծողների»: 
Նորից չանդրադառնանք այն պարզ բանին, որ նման հայտարարությունների համար լուրջ հիմքեր են պետք, այլ ոչ թե միայն այդպիսի ճաշակ ու նման բաներ ասելու ցանկություն, և թե՝ որտե՞ղ ու ինչպե՞ս է ապացուցվել կոնկրետ այս գրքույկի՝ պղծողներ ձևավորելը....
Թե չէ, ես էլ կարող եմ վեր կենալ ու ոտքի վրա ասել, որ գիրքը ձևավորում է նևրասթենիկների, օրինակ... Մեկ ուրիշն էլ ոտքի վրա կասի, որ ձևավորում է ագնոստիկների...
Է, հետո՞: 

Կուզեի միայն հուշել, որ եթե տիկին Նալչաջյանն իրոք հավատացած է, որ գիրքը մանկապղծական է, ապա լավ կաներ՝ այդ մասին տար Ո՛Չ ԹԵ հարցազրույց, այլ հաղորդում հանցագործության մասին: Այդքան բան:

Սարգիս Միքայելյան

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սարգիս Միքայելյան, Կարինե Նալչաջյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon