Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի շրջանակներում անտառահատումների հարցով քրեական գործ է հարուցվե

Հայաստան 27.07.2019   11:30   102

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության նախաձեռնությամբ և կողմից ուսումնասիրվել է Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի շրջանակներում իրականացված անտառածածկույթի հատմամբ հասցված վնասի հատուցման պետական ծրագրով նախատեսված պարտավորությունների կատարման վիճակը: Այդ նպատակով համապատասխան փաստաթղթեր և տեղեկատվություն է պահանջվել ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ առողջապահության, ՀՀ  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարություններից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 1-ի թիվ 1278-Ն որոշմամբ թույլատրվել է ՀՀ Լոռու մարզի գյուղական համայնքների վարչական սահմաններում, ինչպես նաև վարչական սահմաններից դուրս գտնվող շուրջ 357 հեկտար անտառային ծածկույթի հատումը: Իսկ ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարներին հանձնարարվել էր հաստատել անտառային ծածկույթի հատմամբ անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման ծրագիր` դրանում նախատեսելով նաև հատված անտառային ծածկույթին համարժեք ծառատունկի իրականացում և նոր տնկված ծառերով տարածքը պահպանում և խնամում:

ՀՀ բնապահպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարների 2008թ. փետրվարի համատեղ հրամաններով կանոնակարգվել է անտառային ծածկույթի հատման, ինչպես նաև անտառային տնտեսությանը հասցված վնասի հատուցման գործընթացը: Դրա շրջանակներում 2012թ. հուլիսի 27-ին «Թեղուտ» ՓԲԸ-ի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև կնքվել է պայմանագիր, որով ՊՈԱԿ-ը պարտավորվել է 2012-2015թթ. ընթացքում 431.638.661 ՀՀ դրամի դիմաց 315 հա տարածքում կատարել ցանկապատման, անտառ-մշակույթների հիմնման՝ անտառապատման, անտառ-մշակույթների ագրոտեխնիկական խնամքի, խոտհունձի և լրացման աշխատանքներ:

Անտառապատման և խնամքի աշխատանքների կատարման վերաբերյալ վերահսկողության իրականացման պարտականությունը դրվել է ՀՀ բնապահպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների /նախկին/ վրա:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից 2012-2015թթ. կազմած փաստաթղթերի համաձայն` ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից ստուգվել են վերոհիշյալ պայմանագրի շրջանակներում Վանաձորի և Սպիտակի անտառպետությունների՝ ընդհանուր 132հա տարածք ընդգրկող երեք տարբեր հատվածներում 2012-2015թթ. ընթացքում կատարված սերմնաբուսակների տնկման, ցանկապատման և ագրոտեխնիկական խնամքի աշխատանքները, որոնք համարվել են կատարված և դրա դիմաց «Թեղուտ» ՓԲԸ-ից «Հայանտառ» ՊՈԱԿ-ին փոխանցվել է  շուրջ 114.580.000 ՀՀ դրամ:

Մինչդեռ, «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2018թ. սեպտեմբերի 4-ին և 2019թ. ապրիլի 9-ին իրականացված դիտարկում-ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ նշված տարածքներում տնկված ծառատեսակների զգալի մասը չի պահպանվել, մյուս մասն ամբողջությամբ չորացել է և մեծ քանակությամբ տնկարկներ վնասվել են տերևակեր վնասատուներով: Այդ հանգամանքները վկայում են, որ նշված տարածքներում պայմանագրով նախատեսված անտառապատման, ինչպես նաև անտառ-մշակույթների ագրոտեխնիկական խնամքի աշխատանքները ընդհանրապես չեն կատարվել կամ կատարվել են մասնակի:

Այսպիսով, ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, առերևույթ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2012-2015թթ. աշխատանքների կատարման կարգագիր ակտերում իրականությանը չհամապատասխանող, ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ են մտցրել շուրջ 114.580.000 ՀՀ դրամ անտառապատման, ագրոտեխնիկական խնամքի աշխատանքները կատարված լինելու վերաբերյալ` պետության համար առաջացնելով ծանր հետևանք: Իսկ ՀՀ բնապահպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների պաշտոնատար անձինք առերևույթ ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով 2012-2015թթ. չեն կատարել հրամանով և պայմանագրով իրենց վրա դրված վերահսկողության պարտականությունը, ինչի հետևանքով պետության համար առաջացրել են ծանր հետևանքներ:

ՈՒսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի, 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: 

Քրեական գործի շրջանակներում քննության առարկա է դարձվելու նաև ուսումնասիրության առարկային առնչվող մի քանի այլ պետական մարմիններին վերապահված գործառույթների իրականացումը՝ համապատասխան պատասխանատու պաշտոնատար անձանց գործողություններին ևս քրեաիրավական գնահատական տալու նպատակով:      

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Թեղուտ, դատախազություն, անտառահատումներ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon