Վահրամ Աթանեսյան. Անթույլատրելի է բութ սառնասրտությամբ նենգափոխել իրողությունները

Հայաստան 27.12.2018   21:00   774

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հրապարակ»

Lragir.am-ի մեկնաբանը մի հրապարակում է արել, որտեղ հանդիպում ենք այսպիսի ընդհանրացման. «Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (Լեռնային Ղարաբաղի հետ միասին)՝ դրանով փակելով Հայաստանի ու Արցախի իրավական միավորման ճանապարհը եւ սկիզբ դնելով ուժասպառ անող բանակցություններին»:

Հայաստանի առաջին նախագահի եւ նրա կառավարությանը նման ծանրագույն մեղադրանք չեն ներկայացրել Տեր-Պետրոսյանի անգամ ամենաերդվյալ ընդդիմախոսները: Ոչ էլ ադրբեջանական կողմն է երբեւէ այդ մասին բարձրաձայնել: Հետեւաբար, ասվածը ոչ մի առնչություն չունի իրականության հետ: Հակառակ դեպքում պաշտոնական Բաքուն կվկայակոչեր այն իրավական ակտը, որով Հայաստանը «Լեռնային Ղարաբաղի հետ միասին ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Միջնորդները դա կընդունեին հիմք եւ բանակցությունների անհրաժեշտություն պարզապես չէր լինի: Միջազգային հանրությունը կպարտադրեր, որ Հայաստանը կատարի ստանձնած պարտավորությունը: Կամ իրավիճակը շտկելու համար Տեր-Պետրոսյանին հաջորդած Ռոբերտ Քոչարյանը կհայտարարեր, որ հրաժարվում է նախորդի «դավաճանակական ուղեգծից» եւ կպնդեր ամեն ինչ զրոյից սկսելու տարբերակը: Կամ կբացեր Հայաստանի ու Արցախի իրավական միավորման՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից «փակած» ճանապարհը: Այդ կարգի հայտարարություններ Տեր-Պետրոսյանին հաջորդած նախագահները, նրանց օրոք ընտրված խորհրդարանները, նույնիսկ առանձին քաղաքական ուժեր չեն արել:

Թերեւս կուզենային, բայց փաստերն, ինչպես ասում են, համառ են: Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, նրանց կազմավորած կոալիցիոն կառավարությունները, նրանց քաղաքական հենարան խորհրդարանական մեծամասնությունը չէին կարող իրենց դնել ծիծաղելի դրության մեջ: Իրականությունն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, երբ ՀՀՇ-ն քաղաքական մեծամասնություն էր, Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունել է որոշում, որով անընդունելի է ճանաչված ցանկացած միջազգային կամ միջպետական համաձայնագիր, որով Լեռնային Ղարաբաղը կդիտվի իբրեւ Ադրբեջանի մաս: Այդ որոշումն ընդունվել է պատերազմի ամենաճակատագրական օրերին, երբ Լեռնային Ղարաբաղի տարածքի գրեթե կեսն օկուպացված էր, հակառակորդը բառիս բուն իմաստով բախում էր Ստեփանակերտի դարպասները:

Միջնորդներն այդ իրավիճակում ավելորդ էին համարում որեւէ բանակցային քննարկում նախաձեռնել, բոլորն սպասում էին, որ մոտակա մեկ-երկու ամսում Լեռնային Ղարաբաղի հարցը կլուծվի ինքնին՝ Ադրբեջանը կգրավի մնացած տարածքները, բնակչությունը կբռնատեղահանվի, եւ «միջադեպը կհարթվի»: Այդ պայմաններում քաղաքական հզոր կամք էր պետք՝ ի լուր աշխարհի հայտարարելու, որ Հայաստանը մինչեւ վերջ պայքարելու է հանուն Լեռնային Ղարաբաղի եւ մերժելու է ցանկացած լուծում, որը կհակասի իր եւ Արցախի ազգային-պետական շահերին: Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի համար փորձություն էր ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը, որտեղ պաշտոնական Բաքվի նախաձեռնությամբ եւ անդամ երկրների բացարձակ մեծամասնության համաձայնությամբ պետք է ընդունվեր Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավարությամբ օժտելու մասին որոշում:

Հայաստանը, որի պատվիրակությունը գլխավորում էր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, չենթարկվեց որեւէ հորդորի եւ ճնշման, սառնասրտորեն գործի դրեց վետոյի իրավունքը եւ փաստացի խափանեց գագաթնաժողովի աշխատանքները: Որպես «մխիթարություն»՝ Ադրբեջանը ստացավ ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը, որը ոչ մի իրավական ուժ չունի: Սրանք են փաստերը: Եւ հակառակն ապացուցող որեւէ վկայություն պարզապես գոյություն չունի: Իսկ թե ինչու՞ կամ ու՞մ հորդորով է հայրենական լրատվամիջոցի մեկնաբանը նենգափոխում իրականությունը՝ մնում է բացարձակապես անհասկանալի:

Կարելի է չընդունել Տեր-Պետրոսյանի մոտեցումները, լինել նրա ընդդիմախոսը, ի հակակշիռ՝ բերել սեփական փաստարկները, հիմնավորումները: Նույնիսկ՝ ենթադրությունները կամ երազախաբությունից ծնված մտավարժանքները, բայց անթույլատրելի է նման, թող թույլ տրվի ասել, բութ սառնասրտությամբ նենգափոխել ոչ հեռավոր անցյալի իրողությունները: Դա վիրավորանք է Հայաստանի առաջին նախագահի, նրա կառավարության եւ Գերագույն խորհրդի հասցեին: Այն երկրի հասցեին առհասարակ, որ տառացիորեն վերջին ֆինանսական, նյութական, ռազմաքաղաքական, զուտ մարդկային ռեսուրսներն է ի սպաս դրել հանուն Արցախի եւ արցախահայության փրկության:

ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ 

Վահրամ Աթանեսյան

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արցախ, Լևոն Տեր-Պետրոսյան, ԼՂ, Վահրամ Աթանեսյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon