Լևոն Տեր-Պետրոսյան. Քոչարյանական վարչախմբի կամ ռեժիմի էությունը (տեսանյութ)

Հայաստանում տիրող իրավիճակը ստիպեց տասամյա լռությունից հետո Մեծ քաղաքականություն վերադառնալ Հայաստանի 3-րդ հանրապետության հիմնադիր-նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։

2007 թվականի հոկտեմբերի 26–ին, Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում ներկայացրեց Հայաստանում տիրող իրական վիճակը, որի մասին տարիներ շարունակ ոչ մի քաղաքական գործիչ, թերևս, չէր համարձակվում բարձրաձայնել։

Ներկայացնում ենք այդ ելույթն ամբողջությամբ։


Սիրելի հայրենակիցներ,

1988 թվականի հուժկու համաժողովրդական շարժման սկզբնավորումը հիշեցնող այս մթնոլորտը հուշում է ելույթս վերնագրել «Իրերն իրենց անունով կոչելու եւ հաշիվ պահանջելու ժամանակը»: Դա անհրաժեշտ է՝ նախ եւ առաջ ամփոփելու համար Քոչարյանի նախագահության տասնամյա ժամանակաշրջանը, եւ երկրորդ՝ հստակ պատկերացնելու Հայաստանի առջեւ կանգնած ներկա մարտահրավերները:

Սեպտեմբերի 21-ի ելույթում ես ընդամենը կատարել եմ մեկ-երկու շեշտադրում, որոնց արձագանքներն ինձ այժմ թելադրում են դրանց անդրադառնալ ավելի հանգամանորեն եւ փաստարկված:

Սկզբից եւեթ հարկ եմ համարում զգուշացնել, որ ես տալու եմ զուտ քաղաքական գնահատականներ՝ հիմնված բացառապես պաշտոնական վիճակագրության եւ մամուլում հրապարակված տվյալների վրա: Այդ գնահատականները, հետեւաբար, իրավական ուժ չունեն եւ ամենեւին չեն սասանում ստորեւ հիշատակվելիք անձանց անմեղության կանխավարկածը: Քանի դեռ չկան եւ չեն լինի դատական կարգով ընդունված վճիռներ՝ նրանք նույնքան անմեղ են, որքան այս հրապարակում կանգնածներից յուրաքանչյուրը:

Քոչարյանական վարչախմբի կամ ռեժիմի էությունը

Արդեն հիշատակված իմ ելույթում Հայաստանի ներկա իշխանությունը ես բնութագրել էի հետեւյալ խոսքերով. «Վերից վար կոռումպացված, հանցագործ մի վարչակազմ, որի հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով, ոչ թե ժողովրդի կամքով, ոչ թե քաղաքական երկխոսությամբ, այլ քրեական աշխարհի կանոններով: Այսինքն՝ լիովին մաֆիոզ, մինչեւ վերջին երանգը ստրուկտուրիզացված մի ռեժիմ, որը մեզ այսօր արդեն գլորել է երրորդ աշխարհի նմանատիպ ռեժիմների շարքը»:

Դասական պետականագիտության տերմինոլոգիայում այդպիսի իշխանությունը կոչվում է«կլեպտոկրատիա», բառացի՝ «գողապետություն»: Սակայն ես կնախընտրեի «ավազակապետություն» բառը, որն ավելի ճշգրիտ է արտահայտում հասկացության բովանդակությունը, քանի որ գողությունը անհատական հանցագործություն է, իսկ ավազակությունը՝ խմբային:

Ո՞րն է, արդ, իշխանության ավազակապետական համակարգի գոյության իմաստը եւ հետապնդած նպատակը: Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ իշխանության բոլոր լծակներին տիրող մարդկանց սահմանափակ խմբի բարօրության ապահովում՝ սեփական ժողովրդի անխնա հարստահարման եւ կեղեքման գնով: Այդ ամենը ցինիկաբար քողարկվում է հայրենասիրության, պետական շահի, Ցեղասպանության ճանաչման, Արցախի անկախության վերամբարձ կարգախոսներով: Այնինչ միանգամայն ակնհայտ է, որ հայրենիքը նրանց համար ընդամենը նվաճված տարածք է կամ առավելագույնը՝ օբյեկտ, պետական շահ կոչեցյալը՝ ստորագույն անձնական շահախնդրություն, իսկ Ցեղասպանության ճանաչումն ու Արցախի ազատագրումը՝ էժան մանրադրամ իրենց հակաօրինական ծրագրերի իրականացման գործում: Նրանց ճարտասանության աստիճանն ուղիղ համեմատական է իրենց հափշտակած հարստության ծավալին: Որքան շատ են խոսում հայրենասիրությունից, պետական շահից ու ժողովրդի բարօրությունից, այնքան շատ են կորզում նույն այդ ժողովրդի գրպանից:

Ավազակապետական համակարգի կառուցվածքն ու հանգուցային օղակները

Հայաստանի ներկա իշխանական համակարգը կառուցված է մոնոլիտ բուրգի սկզբունքով եւ հստակ սահմանված նվիրապետական-հիերարխիկ աստիճանակարգով: Բուրգի գագաթը հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Երկրորդ տեղն զբաղեցնում է վարչապետ, ոչ հեռավոր անցյալում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Երրորդ տեղին հավակնում են փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը: Այնուհետեւ գալիս են նախարարների, փոխնախարարների, մարզպետների մեծագույն մասը, ինչպես նաեւ որոշ տխրահռչակ քաղաքապետեր ու թաղապետեր:

Հանցավոր այս համակարգի գործունեությունն ապահովվում է մի քանի հանգուցային օղակների շնորհիվ:

Առաջին. Նախագահի աշխատակազմի ղեկավարը, որի ազդեցությունը հատկապես մեծ էր Արմեն Դարբինյանի եւ Անդրանիկ Մարգարյանի վարչապետության շրջանում, երբ փաստորեն Ալեքսան Հարությունյանն ու Արմեն Գեւորգյանն էին լուծում կադրային հարցերը, սահմանում առքուվաճառքի պայմանները, տնօրինում արտոնությունների շնորհումը, ապահովում ձեւական աճուրդների ու տենդերների անցկացումը: Այսինքն՝ նրանք օժտված էին իրենց իրավասություններից դուրս գտնվող այնպիսի ֆունկցիաներով, որոնք կորզված էին կառավարության օրինական լիազորությունների շրջանակից:

Երկրորդ հանգուցային օղակը Արմեն Ավետիսյանի գլխավորած Մաքսային վարչությունն է, որի ֆունկցիան մաքսային վերահսկողության իրականացումից ու օրինական մաքսավճարների գանձումից վերածվել է համապետական մասշտաբի մաքսանենգության ֆունկցիայի: Մաքսային վարչությունն է մոնոպոլիաների ձեւավորման, ներմուծվող ու արտահանվող ապրանքների քվոտաների բաշխման, գործարարներին անհավասար պայմանների մեջ դնելու, անցանկալի տնտեսական մրցակիցներին ասպարեզից դուրս մղելու եւ սնանկության հասցնելու մեքենան: Թեեւ ոչ նույն չափով, նշված նպատակներին ծառայում է նաեւ հարկային տեսչությունը, որի գործունեությունից տուժում են հատկապես մանր ու միջին մեծության ընկերություններն ու անհատ ձեռներեցները, քանի որ խոշոր հարկատուներն իրենց մուծումների մեծագույն մասը կատարելով բոլորովին այլ տեղ, ըստ էության, դուրս են այդ ծառայության իրավասությունների սահմաններից:

Երրորդ կարեւորագույն օղակը՝ դատախազության համակարգը, որ ղեկավարում է Աղվան Հովսեփյանը, ապահովում է ավազակապետական ռեժիմի իրավական անվտանգությունն ու անպատժելիությունը, քողարկում եւ պարտակում նրա բոլոր օրինախախտումներն ու հանցագործությունները, շինծու քրեական հետապնդումներով ահաբեկում եւ լռեցնում վարչախմբի հակառակորդներին ու ընդդիմախոսներին:

Ռեժիմի կենսագործունեությունն ապահովող չորրորդ հանգուցային օղակի դերում հանդես է գալիս Կենտրոնական բանկը, որի վարած ֆինանսական քաղաքականությունը, մասնավորապես՝ դրամի արժեւորման կասկածելի գործընթացը, կործանում է երկրի՝ առանց այդ էլ խղճուկ արդյունաբերությունը, էապես սահմանափակում տեղական ապրանքների արտահանման հնարավորությունները եւ մսխում արտասահմանյան տրանսֆերների ռեալ արժեքի ավելի քան 40 տոկոսը, որը մտնում է ներկրող մոնոպոլիստների եւ նրանց հովանավորող պետական պաշտոնյաների գրպանը: Բացի այդ, Կենտրոնական բանկի վերահսկողության տակ գտնվող բանկային համակարգն իրականացնում է ռեժիմի ֆինանսական հոսքերը եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված հսկայական գումարների օրինականացման գործը:

Եվ վերջապես հինգերորդ հանգուցային օղակը՝ հանրային հեռուստատեսությունը, Ալեքսան Հարությունյանի գլխավորությամբ, ապահովում է հանցավոր վարչախմբի պրոպագանդիստական պաշտպանությունն ու ջանասիրաբար իրականացնում նրա ընդդիմախոսների ու քաղաքական հակառակորդների վարկաբեկման ստորագույն գործը: Այդ հարցում նրանից հետ չեն մնում նաեւ պետության ուղղակի կամ անուղղակի ազդեցության տակ գտնվող մի քանի այլ հեռուստաալիքներ եւ տպագիր մամուլի օրգաններ:

Ռեժիմի ձեւավորման եւ զարգացման ընթացքը

Հանցավոր այս ռեժիմը ձեւավորվել է ոչ միանգամից: Նրա սկզբնավորումն ուղղակիորեն կապված է 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ: Նման համակարգի գոյությունն անհնար էր Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի քաղաքական դաշինքի առկայության պայմաններում, քանի որ խորհրդարանի մեծամասնությունը եւ կառավարությունը գտնվում էին նրանց լիակատար հսկողության տակ: Իսկ սա մի այնպիսի լուրջ հակակշիռ էր, որը ոչ միայն անհնար էր դարձնում նախագահի կողմից որեւէ օրինախախտում, այլեւ վերջինիս լիազորությունները հավասարեցնում Անգլիայի թագուհու կարգավիճակի: Հոկտեմբերյան սպանդն էր, ահա, այն գլխավոր հանգրվանը, որը բացեց քոչարյանական ռեժիմի ձեւավորման ու զարգացման լայնահուն ճանապարհը:

Այդ եղեռնագործությունից հետո՝ մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց էր: Հետագա մի քանի ամիսների ընթացքում, հաղթահարելով ապրած կարճատեւ խուճապը եւ ամրապնդելով իր դիրքերը, քոչարյանական վարչախումբն ազատվեց իր հանցավոր գործունեությանը խոչընդոտող բոլոր օտար մարմիններից՝ վարչապետ Արամ Սարգսյանից, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանից, գլխավոր դատախազ Բորիս Նազարյանից, Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանից, ինչպես նաեւ Հանրապետական ու ՀԺԿ-ական մնացյալ բոլոր նախարարներից ու պաշտոնյաներից՝ Վահան Շիրխանյան, Լեւոն Բարխուդարյան, Սմբատ Այվազյան, Շահեն Կարամանուկյան, Զավեն Գեւորգյան, Լեոնիդ Հակոբյան, Գեղամ Հարությունյան, Էդուարդ Սիմոնյանց, Անդրանիկ Քոչարյան, Տիգրան Հակոբյան, Դավիթ Մաթեւոսյան, Մուշեղ Սաղաթելյան, Արմեն Եղիազարյան, Արտակ Զեյնալյան եւ ուրիշներ:

Լուրջ ձեւափոխման-տրանսֆորմացիայի ենթարկվեց նաեւ նախագահական իշխանության գլխավոր հակակշիռը՝ Ազգային ժողովը, ինչը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նրա Հանրապետական ու ՀԺԿ-ական մեծամասնության (այլ կերպ՝ ,Միասնությունե դաշինքի) բազմաթիվ պատեհապաշտ ներկայացուցիչներ, դավաճանելով իրենց նահատակված առաջնորդներին, հավատարմության երդում տվին Ռոբերտ Քոչարյանին: Խորհրդարանն, այդպիսով, քաղաքական մարմնից վերածվեց ամորֆ, գաղափարազուրկ, ստորաքարշ ժողովարանի՝ դառնալով նախագահական իշխանության պարզ կցորդն ու հլու կամակատարը: Ռեժիմը վերջնական կատարելության հասավ այս տարվա խորհրդարանական ընտրությունների եւ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի հայտնվելու շնորհիվ: Այսօր մենք արդեն գործ ունենք լիովին մոնոլիտ, բացարձակապես անվերահսկելի եւ քրեական պարտավորություններով համաձուլված իշխանական փակ համակարգի հետ:

Ռեժիմի գործունեության տնտեսական հետեւանքները

Քոչարյանական ռեժիմի գործունեության ծանրագույն հետեւանքը Հայաստանի տնտեսական համակարգի ձեւախեղումն է: Այն ոչ մի կապ չունի ո՛չ սոցիալիզմի, ո՛չ ֆեոդալիզմի, ո՛չ իսկ անվանապես հռչակված կապիտալիզմի հետ եւ ավելի շուտ հիշեցնում է թաթար-մոնղոլական տիպի խանական համակարգ: Օրուգիշեր թմբկահարվող լիբերալ տնտեսությունը մեր երկրում սոսկ ֆիկցիա է, քանի որ տնտեսական բնագավառում ամեն ինչ կարգավորվում է ոչ թե շուկայական հարաբերություններով, այլ իշխանությունը բռնազավթած խունտայի կամքով ու հրահանգներով:

Նախագահի ու վարչապետի փակ գրասենյակներում են որոշվում սեփականության բաշխման, պետական գույքի եւ հողի վաճառքի, մենաշնորհային արտոնությունների շնորհման, աճուրդների եւ տենդերների կազմակերպման, արտահանման եւ ներմուծման քվոտաների սահմանման, ընդհուպ մինչեւ լիցենզիաների տրամադրման եւ հողհատկացումների ու շինարարական աշխատանքների թույլտվության հարցերը: Այսինքն՝ հիմնովին խախտված են կապիտալիստական կամ շուկայական տնտեսության երեք ամենագլխավոր սկզբունքները՝ հավասար հնարավորությունների ընձեռումը, ազատ մրցակցության ապահովումը եւ սեփականության անձեռնմխելիության երաշխավորումը: Այլապես աշխարհի ո՞ր երկրում կարելի էր պատկերացնել, որ ,ՊԱԶե-ի մի սովորական վարորդ մեկ-երկու տարում այնքան կարող է հարստանալ, որ ընդունակ լինի տասնյակ միլիոնավոր դոլարի ներդրումներ կատարել, ասենք, ոչ թե իր հայրենի Արցախի, այլ Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությունում: Կամ՝ 25-ամյա մի երիտասարդ, համալսարանն ավարտելուց 2-3 տարի անց, կարող է դառնալ Հայաստանի 10 ամենահարուստ գործարարներից մեկը:

Պաշտոնական վիճակագրությունը տարեցտարի Հայաստանի տնտեսական զարգացման վագրային թռիչքներ է արձանագրում, որոնք արտահայտվում են համախառն ներքին արդյունքի աճի երկնիշ թվերով: Սակայն լուրջ տնտեսագետների ուսումնասիրություններից պարզվում է, որ այդ ցուցանիշները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը, եւ տարեկան աճն իրականում չի գերազանցում 3-4 տոկոսը: Ո՞րն է, արդ, երկնիշ թվերի հայտնության գաղտնիքը: Բանից պարզվում է, ոչ մի գաղտնիք էլ չկա. տնտեսական աճի թվերը ուղիղ համեմատական են արտասահմանյան տրանսֆերների դինամիկային: Այսինքն՝ Հայաստանի տնտեսությունն աճում է այնքան, որքան ավելանում են այդ տրանսֆերները, որոնց ծավալն այս տարի արդեն կհասնի 2 միլիարդ դոլարի:

Դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը եթե իսկ զարգանում է, ապա զարգանում է Հայաստանի սահմաններից դուրս, գլխավորապես Ռուսաստան պանդխտած հարյուր-հազարավոր հայ աշխատավորների մկանային էներգիայի հաշվին: Պատահական չէր նախորդ ելույթում իմ հնչեցրած այն միտքը, որ Հայաստանի միակ կապիտալն այսօր աշխատուժի արտահանումն է: Ցավալիորեն, հիմնականում օտարների ձեռքում գտնվող հանքային, էներգետիկ եւ հեռահաղորդակցային ընկերությունները դեռեւս Հայաստանին որեւէ ռեալ շահույթ չեն ապահովում, բացի աշխատավարձից եւ սոցիալական հարկի մուծումներից:

Պաշտոնական վիճակագրությունը կեղծ է նաեւ մի այլ առումով: Հանցագործաբար թաքցվում են Հայաստան ներկրվող մենաշնորհային ապրանքների, մասնավորապես՝ բենզինի ծավալները: Դեռեւս 1997թ. աշնանը Հայաստանն արդեն ներմուծում էր ամսական 30.000 տոննա բենզին: 2002 թվականից սկսած, ըստ վիճակագրական տվյալների, բենզինի ներկրման ամսական ծավալները կազմում են ընդամենը 12.000–15.000 տոննա՝ ծիծաղելի մի թիվ, եթե հաշվի առնենք ավտոմեքենաների թվի անընդհատ աճը: Իրականում, սակայն, ամեն ամիս հանրապետություն է ներմուծվում ավելի քան 50.000 տոննա բենզին: Սա այլ կերպ, քան մեծագույն ձեռնածություն, պետական մաքսանենգություն կամ դարի հանցագործություն չի կարելի անվանել, որը, կասկածից վեր է, հետագայում դառնալու է բազմաթիվ խորհրդարանական հանձնաժողովների եւ դատական մարմինների քննության առարկա: Մոտավորապես նույնն է վիճակը նաեւ մենաշնորհային այլ ապրանքների ներմուծման պարագայում: Մասնավորապես, մի այդպիսի մախինացիա էլ կապված է ղազախական գազի խոշոր ծավալների ներմուծման հետ, որն արտացոլված չէ վիճակագրական պաշտոնագրերում:

Շատերի, այդ թվում՝ պրոֆեսիոնալ տնտեսագետների կողմից փաստվում է, որ Հայաստանի տնտեսության մի զգալի հատված ստվերային է: Իմ կարծիքով, սակայն, սա պարզ էֆեմիզմ կամ մեղմասացություն է: Գուցե ասածս կարող է պարադոքսալ հնչել, բայց ես պնդում եմ, որ մեր երկրում իրականում ստվերային տնտեսություն չկա: Ստվերայինն այն տնտեսությունն է, որը տարբեր պատճառներով դուրս է մնում իշխանության վերահսկողության սահմաններից, եւ այդ երեւույթն այս կամ այն չափով առկա է բոլոր, այդ թվում՝ ամենազարգացած եւ օրինապահ երկրներում: Մինչդեռ Հայաստանի իշխանական համակարգն այնքան կազմակերպված ու հզոր է, որ նրա հսկողությունից ոչինչ չի վրիպում, այսինքն՝ հանցավոր տնտեսական գործունեության բոլոր դրսեւորումները կառավարվում են նրա կողմից: Հետեւաբար, սա ոչ թե ստվերային տնտեսություն է, այլ համատարած թալան կամ պետական ռեկետ, որի պատճառով Հայաստանում գոյանում է երկու բյուջե՝ մեկը պաշտոնապես հայտարարվածը, մյուսը՝ իշխանությունների գրպանում հայտնվածը: Ընդ որում՝ դատելով հաշվարկներից, երկրորդ բյուջեն անհամեմատ ավելի մեծ է առաջինից: Վերջին հինգ տարիների ընթացքում հանցավոր վարչախումբը ժողովրդից հափշտակել է առնվազն 3-4 միլիարդ դոլար: Եթե այդ գումարը ներդրվեր Հայաստանում, մենք այսօր որակապես ուրիշ երկիր կունենայինք, իսկ եթե ներդրվեր Արցախում, ապա վերջինս արդեն անկախ կլիներ:

Ձեզ չձանձրացնելու համար սահմանափակելով ելույթիս այս հատվածը՝ հարկ եմ համարում, սակայն, կատարել երկու լրացուցիչ նկատառում:

Առաջին՝ չեմ կարծում, թե բարեխիղճ պրոֆեսիոնալներից կազմված վիճակագրական վարչությունը կեղծ տվյալներ է ներկայացնում կառավարությանը: Կեղծիքը կատարվում եւ վարչության ներկայացրած տվյալները պրոպագանդիստական նպատակներով սրբագրվում են իշխանության վերին օղակներում, ինչպես արվում էր ստալինյան եւ բրեժնեւյան ժամանակներում:

Եվ երկրորդ՝ ինձ զարմացնում է Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակների աշխատակիցների պահվածքը, որոնք չէին կարող չնկատել Հայաստանի տնտեսական կյանքում կատարվող ահռելի զեղծարարություններն ու վիճակագրական աճպարարությունները: Նրանց պաշտոնական զեկույցներում ներկայացված վիճակն, ըստ էության, համընկնում է Հայաստանի իշխանական պրոպագանդայի մատուցած իդիլիական պատկերին: Այլ է պարագան, սակայն, ներքին օգտագործման համար պատրաստված նրանց կիսագաղտնի զեկույցներում, որոնցում այս կամ այն չափով բացահայտված են Հայաստանի տնտեսական ոլորտի համարյա բոլոր արատավոր երեւույթները, մասնավորապես բենզինի ներկրման հետ կապված ձեռնածությունը:

Վարչախմբի քաղաքականության սոցիալական հետեւանքները

Հեռուստաէկրաններին պատկերվող վիրտուալ աշխարհի, երկնիշ տնտեսական ցուցանիշների եւ Երեւանի կենտրոնի տպավորիչ կառուցապատման ֆոնի վրա, փորձագետները, այդ թվում՝ միջազգային, Հայաստանի բնակչության կենսամակարդակի որակական փոփոխություն չեն արձանագրում: Այս երեւույթի մասնագիտական բացատրությունները, որքան էլ տրամաբանական, հեռու են համոզիչ, առավել եւս սպառիչ լինելուց: Փաստը մնում է փաստ, որ սոցիալական բեւեռացումը ոչ թե մեղմանում, այլ գնալով խորանում է, այսինքն՝ հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն՝ ավելի աղքատանում: Մայրաքաղաքի կենտրոնի շքեղ խանութներից, ռեստորաններից, ժամանակակից բնակարաններից օգտվում է բնակչության ոչ ավելի, քան 5 տոկոսը: Ժողովրդի մեծագույն մասը, գլխավորապես՝ մարզային քաղաքներում եւ գյուղական վայրերում, մատնված է լիակատար թշվառության ու ամենօրյա գոյապայքարի: Կիսադատարկ գյուղեր ու ցաքուցրիվ ընտանիքներ. ահա սա է Հայաստանի իրական պատկերը:

Ասվեց արդեն, որ երկրի բնակչության գլխավոր եկամուտը արտերկրից կատարված դրամական փոխանցումները կամ տրանսֆերներն են, որոնց ծավալի շուրջ 40 տոկոսը, դոլարի կուրսի անշեղ անկման պատճառով, այլեւս չի հասնում իր հասցեատերերին: Ուստի տրանսֆերների՝ տարեցտարի աճող ծավալներն ամենեւին բնակչության կենսամակարդակի բարելավում չեն նշանակում: Կա նաեւ հարցի մի այլ կողմ. պաշտոնական տվյալների համաձայն՝ արտերկրից կատարված դրամական փոխանցումների 80 տոկոսը ծախսվում է ներմուծվող ապրանքների սպառման վրա: Այսինքն՝ այդ կապիտալը, որն ընթացիկ տարվա կտրվածքով արդեն կազմում է շուրջ 2 միլիարդ դոլար, ինչ ճանապարհով մտնում, նույն ճանապարհով էլ դուրս է գալիս Հայաստանից, ինչը նշանակում է, որ այն էական ազդեցություն չի գործում երկրի տնտեսության զարգացման վրա:

Չի կարելի ուրանալ, անշուշտ, որ աշխատավարձերը, թոշակները եւ նպաստները, համենայնդեպս, աճում են: Բայց երբ հաշվի ենք առնում վերջին 10 տարիների ընթացքում արձանագրված գների թանկացումը, ապա ժողովրդի դրամական եկամուտների մեծացման էֆեկտը հավասարվում է զրոյի: Այսօր մեր երկրում 100 դոլարն ունի նույն գնողունակությունը, ինչ տասը տարի առաջվա 20-25 դոլարը: Չկա լայն սպառման որեւէ ապրանք կամ ծառայություն, որն այսօր ավելի էժան լինի, քան 10 տարի առաջ: Քանի որ ընթացիկ տարվա պաշտոնական տվյալները դեռ ամփոփված չեն, ես ստիպված եմ բավարարվել 1997 եւ 2006 թվականների համեմատությամբ: Ըստ այդմ՝ վերջին տասը տարիների ընթացքում բենզինը թանկացել է 2,2 անգամ, դիզվառելիքը՝ 2 անգամ, էլեկտրաէներգիայի սակագինը՝ 40 տոկոսով, սառը ջրամատակարարումը՝ 3,5 անգամ, հեռախոսավարձը՝ 3,5 անգամ, տավարի եւ ոչխարի միսը՝ շուրջ 50 տոկոսով, կենդանական յուղը՝ 28 տոկոսով, բուսական յուղը՝ 57 տոկոսով, կաթը՝ 52 տոկոսով, ցորենի ալյուրից պատրաստված հացը՝ 2 անգամ: Իսկ երբ գներն արտահայտում ենք դոլարային արժեքով, ապա ապրանքների թանկացման պատկերը շատ ավելի ցցուն է դառնում:

Չնայած տնտեսության ,բուռն վերելքինե եւ աճի տեմպերի երկնիշ ցուցանիշներին, անգամ պաշտոնական տվյալների համաձայն, արտագաղթը ոչ միայն չի դադարում, այլեւ շարունակում է պահպանվել տարեկան շուրջ 25000 մարդու սահմաններում: Վերջին շրջանում իշխանություններն ու նրանց պրոպագանդիստական մարմինները ցնծությամբ թմբկահարում են մանավանդ այն փաստը, որ գործազուրկների թիվը Հայաստանում իջել է 60 հազարի: Գործազուրկ չեն համարվում, անշուշտ, արտագնա աշխատանքի մեկնած շուրջ կես միլիոն հայաստանցի քաղաքացիները: Այնպես որ, եթե վերոհիշյալ 60 հազար մարդն էլ բռնի գաղթի ճամփան, ապա մեր երկրում այլեւս գործազուրկ չի մնա: Հայաստանն, այսպիսով, կդառնա աշխարհի միակ պետությունը, որը 100 տոկոսով հաղթահարած կլինի այդ համատարած սոցիալական չարիքը:

Բարոյա-հոգեբանական հետեւանքները

Քոչարյանական ռեժիմի գործունեության ամենացավալի հետեւանքներից մեկն, ակներեւաբար, երկրում ստեղծված անառողջ բարոյական մթնոլորտն է: Անկախության առաջին տասնամյակի ոգեւորության, ազատության, հպարտության զգացումը փոխարինվել է վախի, ստրկամտության, հուսահատության, ատելության զգացումով: Բարքերի անկումը հասել է այն աստիճանի, որ այլեւս հասարակական չարիք չեն դիտվում քաղքենիությունը, կաշառակերությունը, ընչաքաղցությունը, սուտը, մատնությունը, կարիերիզմը եւ ստորաքարշությունը: Ռեժիմի անբարո գործունեության արդյունքում առաջին պլան են մղվել մարդ-արարածի ամենաստորին բնազդները: Դրանով ահռելի հարված է հասցվել ազնվության, արդարության, պարկեշտության, ինքնազոհության վերաբերյալ մեր ժողովրդի մոտ ավանդաբար ձեւավորված պատկերացումներին: Ժողովուրդը կորցրել է հավատը պետական ինստիտուտների, օրենքի, քաղաքական գործիչների, կուսակցությունների, մինչեւ իսկ բարոյական հեղինակությունների նկատմամբ: Չքացել է մարդկանց բնական կապվածությունը հայրենի հողին: Հայրենիքը, տունը, նույնիսկ ընտանիքը լքելու երեւույթը դարձել է առօրյա եւ սովորական: Հասարակությունը վերածվել է, ավելի ճիշտ՝ նրան վերածել են կասկածամիտ, թերահավատ, իդեալազուրկ, հուսահատ զանգվածի, ինչը չափազանց հեղհեղուկ ատաղձ է հզոր պետություն կերտելու տեսակետից: Մի կողմից հիացմունքով, մյուս կողմից ցավով պիտի նշեմ, որ մեր ժողովուրդը շատ ավելի հպարտ, եռանդուն ու լավատես էր պատերազմի կամ, եթե կուզեք, ցրտի ու մթի տարիներին, քան այսօր: Իսկ դա հույս է ներշնչում, որ նա անպայման կվերագտնի իր արժանապատվությունը եւ կրկին տեր կկանգնի իր երկրին ու ապագային:

Իրավական եւ քաղաքական հետեւանքները

Իրավական հետեւանքներ ասելով՝ ես առաջին հերթին նկատի ունեմ դատական իշխանության անկախության լիակատար ոչնչացումը: Դա ապացուցելու համար, եթե չլինեին անգամ այլ փաստարկներ, որոնք, ի դեպ, չափազանց առատ են, բավական էր, թեկուզ, Պարգեւ Օհանյանի հետ այս օրերին կապված ամենաթարմ իրադարձությունը: Տասը տարվա ընթացքում, ի խախտումն միակուռ համակարգի կանոնների, վերջապես գտնվեց մի դատավոր, որը համարձակվեց արդարացման վճիռ կայացնել, եւ հանրապետության նախագահի ձեռքով անմիջապես հեռացվեց զբաղեցրած պաշտոնից: Ինչ վերաբերում է իրավապահ մյուս մարմիններին՝ դատախազությանը, ոստիկանությանը, անվտանգության ծառայություններին, ապա դրանք վաղուց վերածվել են ռեժիմին հավատարմորեն սպասարկող պատժիչ մեքենայի:

Գտնվելով հանրապետության նախագահի եւ վարչապետի լիակատար հսկողության տակ՝ այդ մարմիններն այսօր օրինակելի ստորաքարշությամբ ու ծառայամտությամբ իրականացնում են երկու ֆունկցիա. առաջին՝ կոծկել, թաքցնել, պարտակել ռեժիմի ահավոր հանցագործությունները՝ կաշառակերությունը, թալանը, նույնիսկ ահաբեկչություններն ու սպանությունները, եւ երկրորդ՝ ահաբեկել ու քրեական հետապնդումների ենթարկել իշխանությունների քաղաքական եւ տնտեսական հակառակորդներին: Նրանց գործունեության գլխավոր մեթոդը բոլոր ակտիվ քաղաքացիների, այդ թվում՝ այս հրապարակում կանգնածներից շատերի վերաբերյալ, այսպես կոչված, կոմպրոմատներ հավաքելն ու հատուկ թղթապանակներ (դոսիեներ) կազմելն է: Ընդ որում, այդ նպատակով գործի է դրվում ստալինյան բռնապետության ողջ զինանոցը՝ մատնությունը, անստորագիր ահազանգերը (այլ կերպ՝ անոնիմկաները), անօրինական հեռախոսալսումները, իրեղեն ապացույցների կեղծումը, բռնությամբ ցուցմունքներ եւ ինքնախոստովանական հայտարարություններ կորզելու պրակտիկան, բացառապես մեկ մարդու ցուցմունքով կայացած դատավարությունները եւ այլն: Հայաստանում չկա մի մարդ, որն այս կամ այն չափով ենթարկված չլինի թվարկված անօրինականություններից գոնե մեկին:

Բոլորովին մի՛ կասկածեք. անձնական թղթապանակներ են կազմված բոլոր քաղաքական գործիչների, պատգամավորների, տնտեսվարող սուբյեկտների, մեծ ու փոքր գործարարների, դասախոսների, բժիշկների, մտավորականների վերաբերյալ: Չվստահելով իրենց ենթականերին, երկրի ղեկավարները գործեր են կազմել նաեւ պետական բոլոր պաշտոնյաների վրա՝ նրանց մշտական շանտաժի տակ պահելու եւ հավատարմորեն ռեժիմին ծառայեցնելու նպատակով: Ռեժիմի հավատարիմ ծառաներ ասելով ես նկատի չունեմ, ամենեւին, դատական եւ իրավապահ համակարգերի, ինչպես նաեւ պետական ապարատի միջին եւ ստորին օղակների տասնյակ հազարավոր ազնիվ ու բարեխիղճ պաշտոնյաներին: Նրանք նույնքան ստորացված, նվաստացած ու խռոված են անտանելի վարչախմբից, որքան մեր ողջ ժողովուրդը: Եթե այսօր նրանք, այլընտրանքի բացակայության պատճառով, դեռ այդ զգացումները չեն արտահայտում, ապա ժողովրդական ալիքի բարձրացմանը զուգընթաց, միահամուռ կերպով կմիանան ժողովրդին, ինչպես դա արեցին 1988 թվականին սկսված համազգային շարժման ժամանակ:

Իրավական հետեւանքներից շատ ավելի սոսկալի են ներկա իշխանությունների գործունեության քաղաքական հետեւանքները: Մեծ հայրենասերներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վարդան Օսկանյանի վարած հանճարեղ ներքին եւ արտաքին քաղաքականության շնորհիվ Հայաստանն արդեն իսկ հայտնվել է համաշխարհային զարգացման հիմնական մայրուղուց շեղված, իզգոյ կամ մերժյալ պետության կարգավիճակում, իր հաստատուն տեղն զբաղեցնելով երրորդ աշխարհի նմանատիպ պետությունների շարքում:
Դա ոչ միայն քայքայում է առանց այդ էլ անբարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակում գոյատեւելու դատապարտված հայոց պետականության հիմքերը, այլեւ հղի է ղարաբաղյան կարգավորման գործընթացում մեր դիրքերն զգալիորեն թուլացնելու վտանգով: Կոռումպացված, ավտորիտար, բռնատիրական եւ այդու արտաքուստ հզոր թվացող, բայց սեփական ժողովուրդների համար ատելի դարձած պետություններն իրականում ամենաթույլ պետություններն են: (Հեռուն չգնալու համար բավական է հիշեցնել շաբաթների ընթացքում մեր իսկ աչքի առջեւ կործանված իրաքյան պետության օրինակը): Եվ ընդհակառակը՝ անհամեմատ ավելի հզոր են իրավական, ժողովրդավար, ազատ, իրենց ժողովուրդների վստահությունը վայելող պետությունները: Առաջիկա նախագահական ընտրություններում կա՛ այդպիսի պետություն ստեղծելու հնարավորություն, եւ այս անգամ հայ ժողովուրդն այդ հնարավորությունը կորցնելու իրավունք չունի:

Ռեժիմի գործունեությունն ունի նաեւ բազմաթիվ այլ աղետաբեր հետեւանքներ, որոնք դրսեւորվում են, մասնավորապես, մշակույթի, կրթության, ժողովրդի հոգեւոր դաստիարակության բնագավառներում, սակայն, ժամանակի սղության պատճառով, դրանց մասին թերեւս հնարավորություն կունենամ խոսելու այլ առիթներով: Իսկ այժմ ժամանակն է անդրադառնալ օրվա գլխավոր խորհրդին՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգությանը:

Հոկտեմբերի 27-ի խորհուրդը

Ասվեց արդեն, որ Հայաստանի ներկա հանցավոր իշխանական համակարգի ձեւավորման սկիզբն ուղղակիորեն կապված է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ: Չնայած անցած ութ տարիներին արտահայտված հազարավոր գնահատականներին ու վերլուծություններին, ինձ թվում է, այդ սահմռկեցուցիչ իրադարձության էությունը դեռեւս ամենայն խորությամբ չի լուսաբանված: Հայ ժողովրդի եւ Հայոց պետականության շուրջ երեքհազարամյա պատմության մեջ հոկտեմբերի 27-ը հիշեցնող միայն երեք նախադեպ է արձանագրվել: 705 թվականին Նախճավան քաղաքի եւ մոտակա Խրամ ավանի եկեղեցիներում արաբները ողջակիզեցին հայ նախարարների ողջ ավագանուն: 1915 թվականի ապրիլի 24-ին երիտթուրքերը գլխատեցին արեւմտահայ քաղաքական եւ մտավորական ընտրանուն: Իսկ 1930-ական թվականներին Ստալինը ոչնչացրեց Հայաստանի ղեկավարության եւ մտավորականության ամենակարկառուն դեմքերին: Սակայն տվյալ պարագայում համեմատությունը սոսկ արտաքին է ու մակերեսային: Հոկտեմբերի 27-ի սպանդը վերոհիշյալ եղեռնագործություններից արմատապես տարբերվում է նրանով, որ իրականացվել է ոչ թե օտարների, այլ հայերի իսկ ձեռքով:

Մինչեւ բուն նյութին անցնելը, ավելորդ չեմ համարում ձեր ուշադրությանը ներկայացնել հուշապատմական մի պատառիկ: Խորհրդարանական մղձավանջի հաջորդ առավոտյան ինձ զանգահարեցին Պաշտպանության նախարարությունից հրավիրելով մասնակցել բանակի ղեկավարության եւ քաղաքական ուժերի միջեւ նախատեսված մի խորհրդակցության: Ես կտրականապես մերժեցի եւ, խոսակիցներիս խստորեն սաստելով, ասացի մոտավորապես հետեւյալը. «Բանակի ի՞նչ գործն է խառնվել քաղաքականությանը եւ միջամտել երկրի ներքին գործերին: Դուք բոլորովին ուրիշ առաքելություն ունեք, այն է՝ ապահովել Հայաստանի սահմանների անվտանգությունը եւ կանխել երկրին սպառնացող վտանգները»: Չբավարարվելով այդքանով, ես անմիջապես հրապարակեցի մի հայտարարություն՝ կոչ անելով համախմբվել նախագահի շուրջ եւ միասնաբար հաղթահարել ծագած ճգնաժամը: Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը զանգահարեց ինձ եւ շնորհակալություն հայտնեց այդ առթիվ: Դա իշխանափոխությունից հետո իմ եւ Քոչարյանի առաջին ու վերջին խոսակցությունն էր: Իմ մտահոգությունն այդ պահին ոչ թե նախագահի դիրքի ամրապնդումն էր, այլ քաոսից խուսափելու եւ Ադրբեջանի հնարավոր ագրեսիվ նկրտումները կանխելու անհրաժեշտությունը: Գաղտնիք չէ, որ Արցախյան պատերազմում հայկական կողմի ձեռք բերած հաջողությունները մեծապես պայմանավորված էին իշխանության Մութալիբովից-Էլչիբեյին եւ Էլչիբեյից-Ալիեւին անցման շրջանների քաոսային ու գրեթե անիշխանական իրավիճակներով: Ուստի Ադրբեջանը չէր կարող չմտածել Հայաստանի նմանօրինակ վիճակից օգտվելու հնարավորության մասին: Այսքանն՝ իմիջիայլոց: Իսկ այժմ վերադառնանք օրվա ողբերգական թեմային:

Առաջին հայացքից բոլորին թվում էր, թե հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումն առանձնապես դժվարություն չպետք է ներկայացնի: Ոճրագործությունը կատարվել էր հարյուրավոր պատգամավորների եւ միլիոնավոր հեռուստադիտողների աչքի առջեւ, բուն կատարողները ոչ միայն հայտնի էին, այլեւ կալանավորված, ուստի անհնար էր պատկերացնել, թե ի՞նչը պիտի խանգարեր անաչառ քննությանն ու դատավարության ընթացքին: Այս ամենը, սակայն, միայն առաջին հայացքից: Շատ շուտով մենք ազգովին ականատեսը եղանք չափազանց արտառոց մի երեւույթի: Հանրապետության նախագահն, իր բացահայտ միջամտություններով, ոչ միայն ամեն ինչ արեց հետաքննության եւ դատավարության բնականոն ընթացքը խոչընդոտելու ուղղությամբ, այլեւ փաստորեն վիժեցրեց դավադրության հնարավոր կազմակերպիչների բացահայտման գործը:

Նման հնչեղություն ունեցող ոճրագործությունների պարագայում ամենուրեք, հասարակական կարծիքի տրամաբանությամբ, կասկածները սովորաբար ընկնում են իշխանությունների վրա: Ուստի երկրի նախագահն ամենաշահագրգռվածը պետք է լիներ հեռացնելու համար իրենից այդ կասկածները: Եթե նա չուներ որեւէ այլ մոտիվացիա, ապա պետք է բացարձակ ազատություն տար քննչական եւ դատական մարմիններին, հրավիրեր աշխարհի լավագույն փորձագետներին եւ ապահովեր դատավարության լիակատար հրապարակայնությունն ու թափանցիկությունը: Սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Նախագահը զինվորական դատախազին արգելեց հանդես գալ խորհրդարանում, իսկ հետո ընդհանրապես հեռացրեց գործի վարույթից, աշխատանքից ազատեց գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին՝ նրա փոխարեն նշանակելով ռեժիմի հավատարիմ գործիք Աղվան Հովսեփյանին, հրապարակային ճնշումներ բանեցրեց տուժող կողմի պաշտպանների վրա՝ նրանցից մեկին մասնավորապես կոչելով «բոմժ», վերեւների թելադրանքով դատարանը կարճեց կազմակերպիչների գծով գլխավոր կասկածյալ Ալեքսան Հարությունյանի գործը, որից հետո համաներման պատրվակով ազատ արձակեց նաեւ վեց այլ ամբաստանյալների եւ այլն: Այսինքն՝ կամա թե ակամա, Քոչարյանը բոլոր կասկածներն ուղղեց իր դեմ, ինչը նշանակում է, որ այդպիսի ռիսկի գնալու համար նա լուրջ պատճառներ պետք է ունենար:

Հոկտեմբերի 27-ի գործում դատարանների թույլ տված ամենակոպիտ օրինախախտումները հետեւյալ երկուսն են.

Առաջին. 2001 թվականի հունիսի 12-ին ընդունված համաներման օրենքում հստակորեն նշված էր, որ այն չէր տարածվում դատաքննությունն սկսված գործերի վրա: Եվ քանի որ, ինչպես հայտնի է, հոկտեմբերի 27-ի գործով դատաքննությունն սկսված էր, ապա այդ օրենքը չէր կարող կիրառվել տվյալ գործով մեղադրվող անձանց նկատմամբ: Հետեւաբար, դատավոր Ուզունյանը, համաներման կիրառմամբ կարճելով վեց ամբաստանյալների գործերը, թույլ է տվել օրենքի աններելի խախտում, ինչը, բնականաբար, չէր կարող չազդել դատավարության հետագա ընթացքի վրա:

Երկրորդ. Օրենքի շատ ավելի աղաղակող ոտնահարմամբ մի այլ դատավոր կարճել է Ալեքսան Հարությունյանի գործը՝ հիմք ընդունելով Նաիրի Հունանյանի մերկապարանոց հայտարարությունն այն մասին, թե իբր վերջինիս դեմ տրված ցուցմունքներն իրենից կորզվել են խոշտանգումների միջոցով: Սակայն Հարությունյանի գործն այդպիսի հիմնավորմամբ կարճելուց առաջ դատարանը պարտավոր էր խոշտանգումների փաստն ապացուցել դատավճռով եւ խոշտանգողներին ենթարկել համապատասխան պատիժների՝ մի բան, որ չի արվել: Հետեւաբար, Հարությունյանի գործը կարճվել է ապօրինաբար, ինչը նշանակում է, որ Հունանյանի բոլոր ցուցմունքները դեռեւս ուժի մեջ են՝ ցուցմունքներ, որոնցում Ալեքսան Հարությունյանը ներկայանում է որպես կազմակերպիչների գծով հոկտեմբերի 27-ի գործի գլխավոր կասկածյալ եւ հանգուցային ֆիգուր:

Չեմ կարծում, թե հիշյալ դատավորներն այնքան արհեստավարժ չէին, որ չհասկանային իրենց կայացրած վճիռների անօրինականությունը: Եթե, այդպես լինելով, նրանք այնուամենայնիվ վտանգել են իրենց պրոֆեսիոնալ համբավը եւ հետագա կարիերան, ապա դա նշանակում է, որ կա՛մ ենթարկվել են ճնշումների, կա՛մ էլ առաջնորդվել այլ շարժառիթներով: Երկու դեպքում էլ, սակայն, միեւնույն է, նրանք վաղ թե ուշ պատասխան են տալու օրենքի առաջ:

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը հավերժ մնալու է որպես Հայոց պետականության գլխին կախված ամոթալի խարան, ինչը կարելի կլինի որոշ չափով մեղմել միայն գործի լիակատար բացահայտման դեպքում: Ուստի այդ խնդրի լուծումը դառնալու է Հայաստանի ապագա նախագահի ամենագլխավոր պարտականություններից մեկը՝ մի բան, որ բացառված է Սերժ Սարգսյանի ընտրվելու պարագայում:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա վիճակը

Իսկ այժմ համառոտակի անդրադարձ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին, որը, ինչպես բազմիցս առիթ ունեցել եմ ընդգծելու, Հայոց պետականության առջեւ կանգնած գերագույն խնդիրն է, քանզի գերազանցապես դրանից է կախված թե՛ Հայաստանի ու Արցախի ապագան, թե՛ մեր երկրների տնտեսական բարգավաճումը եւ թե՛ հայ ժողովրդի բարօրությունը: Քանի դեռ չի լուծվել այդ հարցը, քանի դեռ չեն վերացել մեզ խեղդամահ անող շրջափակումները, քանի դեռ չեն կարգավորվել հարաբերությունները մեր անմիջական հարեւանների հետ, եւ քանի դեռ մեր երկիրը չի ինտեգրվել տարածաշրջանային ու միջազգային համակարգերում, Հայաստանն այսօրվա աշխարհի պահանջներին զուգընթաց զարգանալու եւ հզորանալու հնարավորություն չունի, որքան էլ բազմաթիվ լինեն հակառակը պնդողները:

Լեռնային Ղարաբաղի հարցը սկզբից եւեթ ինձ համար եղել է ոչ թե հողի կամ տարածքի, այլ բացառապես մարդու իրավունքների հարց: Աշխարհից կտրված մի լեռնազանգվածում ապրում է 150 հազար մարդուց բաղկացած մի ժողովուրդ, որն ընդամենը ուզում է նույնքան ազատ, հպարտ, երջանիկ ու ապահով լինել, որքան ֆրանսիացին, գերմանացին, անգլիացին կամ ամերիկացին: Սակայն, բանից պարզվում է, որ դա չի հետաքրքրում միջազգային հանրությանը: Աշխարհը, որն այդքան հոգ է տանում անհատ մարդու իրավունքների պաշտպանությանը, 150 հազար մարդուն մարդ չի համարում: Դա պարզապես դիտվում է որպես վիճակագրական փաստ, իսկ լավագույն դեպքում՝ ազգային փոքրամասնություն, որի տակ սովորաբար հասկացվում է էքստրատերիտորիալ փոքրամասնությունը: Բայց քանի որ, ի դժբախտություն միջազգային հանրության, Ղարաբաղը էթնո-տերիտորիալ միավոր է, նրա վրա չեն կարող տարածվել ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող միջազգային կոնվենցիաները: Հետեւաբար, մնում է միայն հարցի մեկ լուծում, այն է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը: Այլ լուծումները բացառվում են ոչ թե հայերի եւ ադրբեջանցիների օրգանական անհամատեղելիությամբ, ինչպես հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը, ոչ էլ կրոնական անտագոնիզմով, ինչպես պնդում են ուրիշները, այլ քաղաքական այն ակնհայտ իրողությամբ, որ Ադրբեջանն ի վիճակի չէ երաշխավորել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը, ազատությունը եւ բարօրությունը:

Շուրջ մեկ ամիս առաջ ունեցած իմ ելույթում ես հարկադրված էի ցավով արձանագրել, որ Հայաստանի ներկա իշխանությունների վարած հանցավոր քաղաքականության պատճառով վերջին տասը տարիների ընթացքում Ղարաբաղի հարցի կարգավորումը հասել է համարյա անհուսալի վիճակի, քանի որ Ադրբեջանը, օր օրի կոշտացնելով իր դիրքը, այսուհետեւ ոչ մի փոխզիջման չի գնալու: Ո՞րն էր այսպիսի հոռետեսական գնահատականի հիմքը: Ո՛չ այնքան այն, որ Հայաստանը բանակցություններում միաժամանակ ներկայացնելով նաեւ Ղարաբաղի Հանրապետությունը, վերջինիս փաստորեն դուրս է մղել կարգավորման գործընթացից, նրան զրկելով ԵԱՀԿ-ի բանաձեւերով սահմանված հակամարտության լիիրավ կողմի կարգավիճակից, ո՛չ էլ Ղարաբաղի հարցը ինքնորոշման իրավունքի հարթությունից անխոհեմաբար վիճելի տարածքի հարթություն տեղափոխելու փաստը, որքան անհամեմատ ավելի կարեւոր ու չափազանց ցավալի մի իրողություն:

Շարունակելի...

Категория: Ելույթ | Добавил: armenlur (31.08.2019)
Просмотров: 278 | Теги: Լևոն Տեր-Պետրոսյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon